Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Սեյմասի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասի հետ

13 ապրիլի, 2018

Ապրիլի 13-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ, Եվրոպայի հարցերով հանձնաժողովի նախագահ Գեդիմինաս Կիրկիլասի հետ:

Հանդիպման առանցքային թեման Լիտվայի կառավարության կողմից հավանության արժանացած Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն էր, որի համատեքստում Գեդիմինաս Կիրկիլասը նշեց, որ Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի վավերացումը Լիտվայի Սեյմասի կողմից տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում:

Սեյմասի փոխխոսնակը շնորհավորեց Հայաստանի՝ լիարժեք կերպով խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու կապակցությամբ: Վերջինիս խնդրանքով դեսպանը ներկայացրեց անցումային փուլի ընթացքի վերաբերյալ մանրամասներ:

Դեսպան Մկրտչյանն իր հերթին շնորհավորեց Գեդիմինաս Կիրկիլասին՝ Լիտվայի սոցիալ-դեմոկրատ աշխատավորների կուսակցության կազմավորման կապակցությամբ՝ մաղթելով նրան բեղմնավոր գործունեություն նոր քաղաքական խմբավորման ղեկին:

Տպել էջը