Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի քոլեջի ունկնդիրներին
13 ապրիլի, 2018Ապրիլի 13-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց եվրոպական քաղաքագետների և միջազգայնագետների վերապատրաստման հեղինակավոր կրթօջախներից մեկի՝ Եվրոպայի քոլեջի (Նատոլին) 19 երկիր ներկայացնող շուրջ վեց տասնյակ ուսանողներին:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մանրամասնեց տարածաշրջանային և միջազգային խնդիրների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
Անդրադարձ կատարելով ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությանը՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորեց Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը՝ այդ համատեքստում ներկայացնելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կողմից ընձեռվող հնարավորությունները:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումները և կառավարման խորհրդարանական համակարգին անցումը։
ԱԳՆ ղեկավարը հանգամանալից պատմեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի, այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների կողմից իրականացվող ջանքերի մասին:
Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց Եվրոպայի քոլեջի դասախոսական անձնակազմի և ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներին և դրանց կարգավորման ուղիներին: