Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Կանադայում

24 ապրիլի, 2018

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Կանադայի տարբեր քաղաքներում տեղի ունեցան բազմաթիվ միջոցառումներ:

Հիմնական միջոցառումները տեղի ունեցան մայրաքաղաք Օտտավայում: Դրանք մեկնարկեցին ՀՀ դեսպանությունում, ուր Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանն ընթերցեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ, ինչից հետո ՀՀ դեսպանությունում հոգևոր հայրերի և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ ավանդական հիշատակի աղոթք և խնկարկում: Դեսպանության առջև գտնվող «Հավերժ Հայաստան» հուշարձանի առջև տեղի ունեցավ պսակների զետեղման արարողություն:

Այնուհետև Կանադայի խորհրդարանի առջև կայացավ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի` Կանադայում կենտրոնական միջոցառումը, որին ներկա էին աշխատանքային այցով Կանադայում գտնվող, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը, դեսպան Լևոն Մարտիրոսյանը, հոգևոր առաջնորդներ, Կանադայի ժառանգության նախարար Մելանի Ժոլին,կանադացի խորհրդարանականներ, Կանադայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Իր ելույթում դեսպան Մարտիրոսյանը երախտագիտության խոսքեր ուղղեց Կանադայի կառավարությանը` բոլոր մակարդակներով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար: Դեսպանը մասնավորապես նշեց. «Մենք միշտ կհիշենք Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին ընդունած պետությունների օժանդակությունը: Մեր քույրերն ու եղբայրներն իրենց երախտագիտությունն արտահայտեցին` դառնալով իրենց պետությունների նվիրական քաղաքացիները»:

Ելույթներով հանդես եկան նախարար Ժոլին, Կանադայի խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Կանադայում բնակվող մի շարք ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Միջոցառումից հետո կայացավ հիշատակի քայլերթ:

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կայացան նաև Տորոնտո, Մոնրեալ, Վանքուվեր, Էդմոնթոն, Սեն Կետրինզ, Համիլթոն և այլ քաղաքներում:

Տպել էջը