Հաղթանակի օրվան և Շուշիի ազատագրման 26-ամյակին նվիրված միջոցառում Թբիլիսիում
09 մայիսի, 2018Մայիսի 9-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման 26-ամյակին, որին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության ողջ անձնակազմը, հոգևորականներ, Արցախյան պատերազմի թբիլիսաբնակ ազատամարտիկներ, մտավորականներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։
Բացման իր խոսքում Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը նշեց, որ խորհրդանշական է, որ մայիսի 9-ն իր մեջ ամբողջացնում է հայ ժողովրդի տոնացույցի փառավոր հաղթանակներից երկուսը, որոնք եկան մարմնավորելու մեր համազգային միասնությունն ու համախմբվածությունը, ազատատենչ ոգին ու անկոտրում կամքը։
Անդրադառնալով Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակին՝ դեսպան Սադոյանը ընդգծեց դրա կերտման գործում հայ ժողովրդի ունեցած նշանակալի ավանդը։
Ռուբեն Սադոյանը, խոսելով Շուշիի ազատագրման մասին, նշեց, որ դա կյանքի և մահվան հարց էր, որը պսակվեց հաջողությամբ, և մենք նույն մայիսի 9-ին կրկնեցինք մեր հայրերի ու պապերի սխրանքը՝ բեկելով պատերազմի ընթացքը։
Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ Սամվել Ռամազյանն իր խոսքում անդրադարձավ Շուշի քաղաքի պատմությանը, Շուշիի ազատագրման նախօրեին տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությանը՝ մասնավորապես ընդգծելով այն նախադրյալները, որոնք հիմք ծառայեցին Շուշիի ուղղությամբ հայկական զինուժի անկասելի գործողություններին։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին Հայրենական Մեծ պատերազմին և Շուշիի ազատագրմանը նվիրված փաստավավերագրական ֆիլմեր, հայրենասիրական երգերի կատարումներով հանդես եկան «Հայարտուն» կենտրոնի սաները։