Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

21 մայիսի, 2018

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ՀՀ արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոձիասը Հայաստանի արտգործնախարարին հասցեագրված շնորհավորական ուղերձում հավաստիացնում է, որ երկու երկրների արդեն իսկ ռազմավարական հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն և կխորանան երկկողմ կապերի լայն շրջանակով, մասնավորապես քաղաքական, տնտեսական, առևտրային և մշակութային բնագավառներում: Հունաստանի ԱԳ նախարարը նաև վերահաստատում է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության խորացման, զարգացման և ընդլայնման հանձնառությունը:

Շնորհավորելով արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմն իր ուղերձում նշում է, որ նորանշանակ նախարարը պաշտոնը ստանձնում է երկրի համար կարևոր ժամանակաշրջանում և կարևորում է ներառական երկխոսության շարունակումը հանուն ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգանքի:

Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը, շնորհավորաքներ հղելով նախարար Մնացականյանին, ընդծում է նորանշանակ նախարարի միջազգային հարաբերություններում ունեցած երկարատև փորձը, ինչպես նաև ցանկություն հայտնում առաջիկայում հանդիպել՝ երկկողմ հարաբերությունները խորացնելու համար անհրաժեշտ միջոցները քննարկելու համար:

Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայրատ Աբդռախմանովը, շնորհավորելով իր պաշտոնակցին, հույս է հայտնում, որ համատեղ ջանքերով Հայաստանի և Ղազախսատանի միջև հարաբերությունները երկկողմ և բազմակողմ ձևաչափերով կշարունակեն ամրապնդվել՝ երկկողմ համագործակցությունը հասցնելով նոր մակարդակի:

Չեխիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մարտին Ստրոպնիցկին, շնորհավորելով Զոհրաբ Մնացականյանին, ընդգծում է Չեխիայի Հանրապետության աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների զարգացման և տարբեր ոլորտներում անհրաժեշտ բարեփոխումների բարեհաջող իրականացման ջանքերին:

Բարեմաղթանքներ հղելով Հայաստանի իր նորանշանակ պաշտոնակցին, Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը հայտնում է իր պատրաստակամությունը համատեղ ջանքերով ամրապնդելու Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև հարաբերությունները:

Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միկսերն իր շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնում, որ նորանշանակ ՀՀ արտգործնախարարի պաշտոնավարման ընթացքում հայ-էստոնական գերազանց հարաբերությունների ամրապնդումը կշարունակվի և կգտնվեն համագործակցության նոր հնարավորություններ՝ ի շահ երկու ժողովուրդների:

Սոմալիի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեդ Իսսե Ավադն իր ուղերձում շնորհավորում է նախարար Մնացականյանին նշանակման կապակցությամբ և պատրաստակամություն հայտնում աշխատել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում:

 

Տպել էջը