Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում

24 մայիսի, 2018

Մայիսի 24-ին Լիտվայի Ազգային ֆիլհարմոնիայում Լիտվայում ՀՀ դեսպանության և Լիտվայի Ազգային ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ և կազմակերպմաբ տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակին: Համերգին, որն ընթացավ Լիտվայի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ ու դիրիժոր Ռոբերտաս Շերվենիկասի ղեկավարությամբ, իրենց մասնակցությունը բերեցին աշխարհահռչակ երաժիշտներ Սերգեյ և Լուսինե Խաչատրյանները:

Միջոցառման շուրջ 800 հյուրերի թվում ներկա էին Լիտվայի նորանկախ պետականության հիմնադիր հայր Վիտաուտաս Լանդսբերգիսը, Լիտվայի կառավարության ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, խորհրդարանականներ, Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, ականավոր մտավորականներ, լիտվահայ համայնքի ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով մասնավորապես նշեց. «Հաշվի առնելով մեր երկրների բազմադարյա պատմության՝ հաճախ ցավալի և փառահեղ էջերը` երբեմն մոլորեցնող կարող է լինել, որ մենք նշում ենք երկու Հանրապետությունների միայն 100-ամյակները: Այդ փառահեղ էջերից մեկը 1918թ. էր, երբ Հայաստանը 650 տարվա պետականության կորստից հետո վերականգնեց իր անկախությունը: Նոր հիմնադրված անկախությունը համընկավ հայ ժողովրդի պատմության շրջադարձային մի փուլի հետ, երբ մեկ դար առաջ այս օրերին՝ մայիսի 22-29-ը ընկած ժամանակահատվածում հայկական զինված ուժերը հաղթանակ տարան Սարդարապատի ճակատամարտում, որով և դրան հաջորդած Հայաստանի Հանրապետության հիմնադրումով նշանավորվեց հայ ժողովրդի վերածնունդը»:

Դեսպանը նաև նշեց, որ դեռևս 1920թ. մայիսին Հայաստանի Հանրապետությունը Սիմեոն Ակոպյանին նշանակեց որպես Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում և Ֆինլանդիայում հատուկ ներկայացուցիչ, ով սակայն Հայաստանի անկախության կորստի պատճառով չհասցրեց իրականացնել իր առաքելությունը:

Անդրադարնալով երկկողմ հարաբերությունների ներկա փուլին՝ Տիգրան Մկրտչյանը կարևորեց, որ Լիտվան աշխարհում առաջինն էր, որ ճանաչեց ՀՀ անկախությունը և առաջիններից մեկը, որի հետ Հայաստանը 1991թ. վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները:

Եզրափակելով իր խոսքը՝ դեսպանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Լիտվայի Սեյմասին և բոլոր քաղաքական կուսակցություններին ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը համերգից ժամեր առաջ վավերացնելու կապակցությամբ: Լիտվան՝ Էստոնիայից և Լատվիայից հետո դարձավ ԵՄ անդամ երրորդ երկիրը, որ վավերացրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Համերգացանկում ընդգրկված էին կատարումներ հանրաճանաչ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ալան Հովհաննեսի և Մորիս Ռավելի ստեղծագործություններից։ Միջոցառման ավարտին տեղի ունեցավ ընդունելություն:

Տպել էջը