ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան` Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ գնահատման զեկույցի քննարկման նպատակով

24 մայիսի, 2018

Մայիսի 24-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, կայացավ ՆԱՏՕ-ի գործընկերության և համագործակցային անվտանգության կոմիտե - Հայաստան ձևաչափով նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Նիստի ընթացքում քննարկվեց ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման 2017թ. գնահատման զեկույցը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Հովակիմյանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումները, շեշտեց, որ ՀՀ արտաքին և անվտանգության քաղաքականության գերակայությունները մնում են անփոփոխ, և Հայաստանը հանձնառու է իր կողմից ստանձնած բոլոր միջազգային պարտավորությունների իրականացմանը։ Այս համատեքստում նշվեց, որ Հայաստանը, լինելով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության և ԵԱՏՄ անդամ, միաժամանակ համագործակցություն է ծավալում Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի հետ:

Փոխնախարար Հովակիմյանն անդրադարձավ ԱԳԳԾ շրջանակներում ՀՀ-ՆԱՏՕ փոխգործակցությանը: Նա ընդգծեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կարևորությանը։

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում բարձր գնահատեցին ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը, շնորհակալություն հայտնեցին Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին Հայաստանի շարունակական մասնակցության համար, միևնույն ժամանակ գոհունակություն հայտնելով և կարևորելով Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների խաղաղ հանգուցալուծումը: Բանախոսներն իրենց աջակցությունը հայտնեցին ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին՝ ընդգծելով խնդրի խաղաղ և բանակցված կարգավորման կարևորությունը, որի հիմքում ընկած են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքները:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ փոխնախարար Հովակիմյանը, ինչպես նաև ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչը պատասխանեցին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պատվիրակների հարցերին:

Նիստից առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի: Տիկին Գոթեմյոլլերը բարձր գնահատեց Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունն ԱԳԳԾ շրջանակներում և շնորհակալություն հայտնեց Կոսովոյում ու Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին Հայաստանի շարունակական ներդրման համար: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Տպել էջը