Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին

24 մայիսի, 2018

Մայիսի 24-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին և Յուլիա Լովոչկինային:

Ողջունելով հյուրերին՝ ԱԳ նախարարը նշեց, որ որպես Եվրոպայի խորհրդում ՀՀ նախկին դեսպան, իր համար հոգեհարազատ է ընդունել ԵԽԽՎ պատվիրակությանը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց. «Եվրոպայի խորհուրդը Հայաստանի կարևոր գործընկերն է ժողովրդավարության խորացման և քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացման ճանապարհին»։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի անդամները շնորհավորեցին Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով այս պատասխանատու առաքելության մեջ: Նշվեց, որ հայաստանյան այցի շրջանակներում նախատեսվում են մի շարք հանդիպումներ ինչպես գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանում տեղի ունեցած զարգացումներին, ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի առավել բարձրացմանն առնչվող հարցերին:

Զրուցակիցները քննարկումներ ունեցան ԵԽԽՎ աշխատանքների շուրջ։

ԱԳ նախարարը ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Նա ընդգծեց, որ գործընթացի հաջողության համար կարևոր է խաղաղությանը միտված մթնոլորտի առկայությունը:
 

Տպել էջը