Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
29 մայիսի, 2018Մայիսի 29-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է ԵՄ հետ հարաբերությունների առավել ամրապնդումը` բարձր գնահատելով ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում հաստատված արդյունավետ համագործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Տոյվո Կլաարը շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վերահաստատելով համատեղ քայլերով Հայաստանի հետ կապերն առավել ամրապնդելու Եվրամիության պատրաստակամությունը:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգային հարցերին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարներին՝ երկուստեք նշելով, որ համաձայնագիրը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և լավ հիմք է հանդիսանում երկկողմ փոխգործակցությունն առավել խորացնելու համար:
Հանդիպման օրակարգում էին նաև ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությանը և գործողությունների ծրագրի մեկնարկին առնչվող հարցերը:
Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք խնդիրներ, մտքեր փոխանակեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ։
Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ՝ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են։
Անդրադառնալով Բաքվից հնչող հայտարարություններին՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց, որ Հայաստանը հանձնառու է՝ շարունակելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը բացառապես խաղաղ ու բանակցային ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Ընդգծելով, որ հարկավոր է խաղաղությանը նպաստող մթնոլորտ ձևավորել, նախարար Մնացականյանն արձանագրեց, որ Բաքվի հռետորաբանությունն ամբողջությամբ հակառակն անելով՝ բացասական է ազդում, և հետևապես պետք է կանխվի։