Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանի հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակի հետ
30 մայիսի, 2018Մայիսի 30-ին Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը հանդիպեց Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ Պաուլա Ռիսիկոյի հետ:
Շնորհավորելով խորհրդարանի խոսնակին բարձրագույն պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպանը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական փոփոխությունները, նոր կառավարության ձևավորումը և նրա արտաքին քաղաքական առաջնահերթությունները:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ նախորդ տարվա նոյեմբերին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այցը Հելսինկի և այս տարվա ապրիլին Ֆինլանդիայի խորհրդարանի ֆինն-հայկական բարեկամության խմբի այցը Երևան, ինչպես նաև Թբիլիսիում երկու երկրների նախագահների հանդիպումը նոր լիցք են հաղորդել երկկողմ քաղաքական և խորհրդարանական համագործակցությանը:
Արտակ Ապիտոնյանն ու Պաուլա Ռիսիկոն հանգամանալից անդարադարձ կատարեցին հայ-ֆիննական հարաբերությունների ներկա իրավիճակին և առաջիկա ծրագրերին: Երկուստեք կարևորվեց բարձրաստիճան երկխոսության դինամիկայի պահպանումը, այդ թվում նաև խորհրդարանական փոխանակումների մակարդակով:
Դեսպան Ապիտոնյանը երախտագիտությամբ հիշատակեց Ֆինլանդիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: Կողմերն ընդգծեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի` կարճ ժամկետներում Ֆինլանդիայի խորհրդարանի կողմից վավերացման կարևորությունը: