Հայ-լատվիական քաղաքական խորհրդակցություններ Ռիգայում

30 մայիսի, 2018

Մայիսի 30-ին Ռիգայում տեղի ունեցան Հայաստանի և Լատվիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, լատվիականը՝ ԱԳՆ պետքարտուղար Անդրեյս Պիլդեգովիչսը։ Խորհրդակցությանը մասնակցեց նաև Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-լատվիական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվեցին երկկողմ քաղաքական և մշակութային ոլորտներում երկխոսության ընդլայնման հեռանկարները։ Հատուկ կարևորություն տրվեց առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանը, ինչպես նաև հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շարունակականության ապահովմանը։

ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում նախարարի տեղակալ Նազարյանը առանձնակիորեն ընդգծեց Լատվիայի խորհրդարանի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ առաջիններից մեկը վավերացնելու հանգամանքը՝ հույս հայտնելով, որ վավերացման գործընթացը սահուն ընթացք կունենա նաև ԵՄ անդամ մյուս երկրներում։ Նա հավելեց, որ համաձայնագրի կիրարկումը ներառված է ՀՀ կառավարության առաջնայնությունների շարքում։

Լատվիական կողմի խնդրանքով Կարեն Նազարյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի մոտեցումները: Քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի այլ հարցեր:
 

Տպել էջը