«Հայաստան – Ավստրիա՝ 1918-1921թթ. պաշտոնական շփումները» խորագրով ցուցահանդես Վիեննայում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին

01 հունիսի, 2018

Հունիսի 1-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և կազմակերպմամբ Վիեննայի Մխիթարյանի միաբանության վանքում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետություն-Ավստրիա՝ 1918-1921թթ. պաշտոնական շփումները» անվանումը կրող ցուցահանդեսի բացումը՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին:

Ցուցահանդեսն իրենից ներկայացնում է հիշյալ շրջանին վերաբերող և Հայաստանի Հանրապետության, Ավստրիայի Հանրապետության պետական արխիվներում և Մխիթարյան միաբանության գրադարանում պահպանվող փաստաթղթերի, նամակների, հայտագրերի, լուսանկարների, գրքերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում այդ ժամանակահատվածում լույս տեսած թերթերի հրապարակումների հավաքածու:

Ավստրիայի պետական արխիվում հայտնաբերված մի շարք փաստաթղթեր վերաբերում են հիմնականում 1918թ. հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում մի կողմից՝ Փարիզի խաղաղության վեհաժողովին Հայաստանի Հանրապետության պատվիրակության, ինչպես նաև Բեrլինում և Վիեննայում Հայաստանի Հանրապետության պատվիրակությունների, իսկ մյուս կողմից՝ Ավստրո-Հունգարիայի արտաքին գերատեսչության և արտերկրում ավստրո-հունգարական դիվանագիտական առաքելությունների միջև նամակագրությանը:

Հայկական կողմը, համաձայն հրապարակված փաստաթղթերի, իր առջև նպատակ էր դրել հասնել Օսմանյան կայսրության դաշնակից Ավստրո-Հունգարիայի կողմից Հայաստանի նորանկախ Հանրապետության ճանաչմանը և օգնել հայ ժողովրդին առավել շահեկան դիրքերից հանդես գալ Առաջին աշխարհամարտի հետևանքները վերացնելուն նվիրված խաղաղության գործընթացին:

Այդ փաստաթղթերի մի մասը հրապարակվում է առաջին անգամ և բացահայտում հայ-ավստրիական միջպետական շփումների՝ դեռևս քիչ հայտնի էջեր: Ընդգծվում է Մխիթարյան միաբանության հոգևորականների կողմից այդ գործընթացում, ինչպես նաև Վիեննայում՝ Հայաստանի Հանրապետության և հայ քաղաքացիների շահերը պաշտպանելու ուղղությամբ ունեցած արժեքավոր ներգործությունը:

Ցուցահանդեսը, որը գտնվում է Վիեննայի Մխիթարյան միաբանության վանքում գործող թանգարանում, մինչև տարվա վերջ բաց է լինելու այցելուների համար:

Տպել էջը