Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

08 հունիսի, 2018

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 8-ին ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանի և Վան Գրիգորյանի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին՝ արտգործնախարար Մնացականյանը կարևորեց Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը՝ ընդգծելով կազմակերպության ակտիվ դերակատարումն ԱՄՆ հայ համայնքային կյանքում և ամերիկյան վարչակազմի շրջանում համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրացնելու գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՀՀ պատվիրակության անդամներն ԱԳ նախարարին ներկայացրեցին Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը, ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության խորացման ուղղությամբ գործադրվող ջանքերը, համահայկական նշանակության ծրագրերի իրականացման հեռանկարները:

Նախարար Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները, կառավարության ծրագրում ամրագրված արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները:
 

 

 

 

Տպել էջը