«Հայաստան-Լիտվա. բարեկամության կամուրջներ» խորագրով միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի և Լիտվայի 100-ամյակներին

10 հունիսի, 2018

Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների հռչակման 100-ամյակի միջոցառման շրջանակներում Կաունասի Միկո Պետրաուսկոյի անվան երաժշտական դպրոցի հրավերով և Լիտվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ հունիսի 3-10-ը Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցի սաները և ղեկավար կազմն այցելեցին Լիտվայի Կաունաս քաղաք:

Հունիսի 5-ին Կաունասի Մայրոնիսի գրականության թանգարանի դահլիճում երկու դպրոցների սաների մասնակցությամբ տեղի ունեցավ «Բարեկամության կամուրջներ» խորագրով համատեղ համերգ՝ նվիրված Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների հռչակման 100-ամյակներին, որին ներկա էին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, Կաունասի հայ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բոյաջյանը, Կաունասի մշակութային և հասարակական գործիչներ:

Հանդես գալով բացման խոսքով՝ դեսպան Մկրտչյանը կարևորեց, որ երկու երկրների հարյուրամյակներին նվիրված միջոցառումներ կազմակերպվում են նաև դպրոցներում և թանգարաններում՝ ընդգծելով, որ Լիտվայի մշակութային մայրաքաղաք Կաունասում հայկական մշակույթի վերաբերյալ տեղեկացվածությունը բարձր է նաև ի շնորհիվ Կաունասի հայ համայնքի ակտիվ մշակութային գործունեության։

Վիլնյուսի հայ համայնքի հրավերով հունիսի 6-ին Վիլնյուսի «Ազգային համայնքների տանը» Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ համերգ, որին ներկա էին Լիտվայում ՀՀ դեսպանատան հյուպատոս Վահե Առաքելյանը, Կաունասի հայ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բոյաջյանը, Վիլնյուսի հայ համայնքի պատասխանատու, գրող Վահագ Գրիգորյանը, Լիտվայի ազգային համայնքների միության հայկական համայնքի ներկայացուցիչ Ռուսլան Հարությունյանը, Վիլնյուսի մշակութային և հասարակական գործիչներ:

Հունիսի 7-ին Պլյունգեի` արքայազն Միկոլո Օգինսկու պալատում (արվետի թանգարան) կայացավ Կաունասի Միկո Պետրաուսկոյի անվան երաժշտական դպրոցի և Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցի սաների եզրափակիչ համերգը: Այս համերգում, բացի դպրոցի սաներից, երաժշտական կատարումով հանդես եկավ նաև Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցի տնօրեն Վարդան Դոլմաջյանը, ով ազգային երաժտական գործիքով՝ սանթուրով՝ դուդուկի և դաշնամուրի նվագակցությամբ, կատարեց լիտվացի հայտնի կոմպոզիտոր Մ.Կ.Չյուրլյոնիսի ստեղծագործությունը:

Տպել էջը