Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին
18 հունիսի, 2018Հունիսի 18-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ շուրջ երկու տասնյակ մասնակից երկրների մշտական ներկայացուցիչներին:
Ողջունելով ԵԱՀԿ դեսպաններին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ շրջանակներում բազմակողմ համագործակցությունը, որի արդյունքում մեր երկրում կարևոր բարեփոխումներ են իրականացվել, և շեշտեց, որ Հայաստանն էլ, իր հերթին, ակտիվ մասնակցություն է ունեցել կազմակերպության գործունեության բոլոր երեք հարթություններում և իր ներդրումն է բերել կառույցի արդյունավետության և հեղինակության բարձրացման գործում:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, անդրադարձավ երկրում ընթացող բարեփոխումներին և կառավարության նոր ծրագրին: Այդ առնչությամբ հատուկ ընդգծվեց Հայաստանում կայացած քաղաքացիական հասարակության և ակտիվ երիտասարդության դերը։
ԵԱՀԿ դեսպանները նշեցին, որ վեց տարվա ընդմիջումից հետո հերթական տարածաշրջանային այցը լավ հնարավորություն է ընձեռում տեղում ծանոթանալու Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և գնահատելու տարածաշրջանային անվտանգության իրավիճակը:
Զրույցի մասնակիցները կարևորեցին Հայաստանում ԵԱՀԿ ծրագրերի շարունակականությունը։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը աջակցություն հայտնեց այս ուղղությամբ նախաձեռնություններին։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի նոր կառավարության առաջնահերթությունների, տարածաշրջանային և միջազգային զարգացումների, ԵԱՀԿ շուրջ։