Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատվիրակությունը

18 հունիսի, 2018

Հունիսի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի հայ-ֆրանսիական բարեկամության խմբի պատվիրակությանը՝ խմբի ղեկավար Ժան Մարիլոսյանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ ֆրանսիացի խորհրդարանականների այցերը Հայաստան կրում են պարբերական բնույթ՝ կարևորելով երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը: «Հայաստանում ամենաջերմ զգացմունքներն ունեն Ֆրանսիայի հանդեպ, որի հետ Հայաստանին և հայ ժողովրդին կապում են հարյուրամյակների փորձություն անցած ամուր հարաբերությունները», շեշտեց Հայաստանի արտգործնախարարը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ֆրանսիացի խորհրդարանականներն ընդծեցին, որ ջանք չեն խնայի երկու երկրների բարեկամության և պատմական հարուստ ավանդույթների վրա հիմնված կապերի առավել սերտացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային հարցեր, երկուստեք արձանագրվեց, որ երկու բարեկամ երկրների համագործակցության մեջ առկա է շարունակական վերընթաց աճ: Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ առևտրատնտեսական կապերի առավել աշխուժացմանն ուղղված համատեղ քայլերին՝ երկուստեք ընդգծելով այս բնագավառում առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու կարևորությունը:

Հանդիպմանը կողմերը նշեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ինչպես Հայաստանի և Եվրամիության, այնպես էլ երկկողմ ձևաչափում համագործակցության համար ընձեռվող նոր հնարավորությունների մասին:

Հանդիպման օրակարգում էին նաև հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում կապերի առավել ընդլայմանն առնչվող հարցերը: Անդրադառնալով կրթության բնագավառում փոխգործակցությանը` նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանի կրթական համակարգում ֆրանսիական ներկայությունը տեսանելի է և ողջունելի։

Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաև հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի ու դրա շրջանակներում ծրագրվող միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ համատեղ գործադրվող ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս համատեքստում շեշտվեց գործընթացի հաջողության համար խաղաղությանը միտված մթնոլորտի ձևավորման կարևորությունը: Ֆրանսիայի խորհրդարանի անդամներն ընդգծեցին հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը և իրենց աջակցությունը հայտնեցին ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Տպել էջը