ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության միջոցառումը՝ նվիրված հումանիտար գործընթացների և տեղեկատվական տեխնոլոգիագների հարցերին
19 հունիսի, 2018ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հետ համատեղ, Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայնում կազմակերպեց հումանիտար գործընթացների և տեղեկատվական տեխնոլոգիագների հարցերին նվիրված միջոցառում-քննարկում:
Տեխնոլոգիաների, նորարարությունների, զարգացման, մարդու իրավունքների և հումանիտար օրակարգերի համադրմամբ կազմակերպված միջոցառմանը քննարկվեց սոցիալական մեդիայի և տեղեկատվական նոր տեխնոլոգիաների դերը` հումանիտար ուղղվածության տարբեր գործընթացներում տեղական բնակչության արդյունավետ ներգրավման տեսակետից:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Մհեր Մարգարյանը՝ նշելով, որ ճգնաժամային գոտիներում բնակվող համայնքների հետ արդյունավետ փոխազդեցությունը շարունակում է մնալ հումանիտար գործընթացների համակարգման հարցում առաջնահերթություններից մեկը: Մհեր Մարգարյանը հավելեց, որ ՄԱԿ-ի համակարգը քայլեր ունի անելու այդ գործընթացներում տեղական բնակչությանը ներգրավելու և վերջիններիս ձայնը ավելի լսելի դարձնելու ուղղությամբ։
Ելույթներով հանդես եկան Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Ալեքսանդրա Սիկոտ-Լեվեսքը, ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի ներկայացուցիչ Անդրեյ Վերիտին և «Լուրեր՝ խորությամբ» մեդիա-ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն Լառա Սեդրակյանը։ Բանախոսներն անդրադարձան հումանիտար գործընթացների մասնակիցների համար թվային տեխնոլոգիաների նշանակության, ինչպես նաև դրանց ազդեցության գնահատման որակի և արդյունավետության հարցերին։ Իր ելույթում լրագրող և բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ներկայացնելով իր օրինակը, անդրադարձավ լրագրողների և սոցցանցերի ակտիվիստների նկատմամբ բռնություններին ու սպառնալիքներին, ինչպես նաև հակամարտության գոտիներ մուտք գործելու հետևանքով հետապնդումներին։
Քննարկմանը մասնակցում էին ՄԱԿ անդամ-երկրների և ՄԱԿ-ի գործակալությունների, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: