Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ Գերմանիայի Բունդեսթագի նախագահի հետ
28 հունիսի, 2018Հունիսի 28-ին պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։
Զոհրաբ Մնացականյանը և Վոլֆգանգ Շոյբլեն գոհունակություն հայտնեցին հայ-գերմանական խորհրդարանական ակտիվ համագործակցության կապակցությամբ և արժևորեցին հաստատված վստահելի փոխգործակցությունը։
Նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները։ ԱԳՆ ղեկավարը վերահաստատեց Հայաստանի նոր կառավարության հանձնառությունը՝ կատարելու ժողովրդի կողմից իրեն տրված մանդատը՝ բարեփոխումների միջոցով առավել ամրապնդել ժողովրդավարական գործընթացները, օրենքի գերակայությունը, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, արդարության ապահովումը և կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարը։ Գերմանիայի Բունդեսթագի նախագահը ողջունեց Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների բացառապես խաղաղ բնույթը՝ Սահմանադրության և օրենքների շրջանակներում։
Հայաստանի ԱԳ նախարարը և Բունդեսթագի նախագահն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը, որը ոչ միայն հանդիսանում է հարաբերությունների նոր իրավական հենք, այլև կարևոր գործիք է Հայաստանի համար խրախուսելու բարեփոխումները և գործընկերությունը։ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց ԵՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի վավերացման ուղղությամբ տեղի ունեցող զարգացումները՝ հույս հայտնելով, որ Գերմանիայի խորհրդարանը ևս մոտ ապագայում կվավերացնի համաձայնագիրը։
Բունդեսթագի նախագահ Շոյբլեի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնությունները, տարածաշրջանային և միջազգային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ մոտեցումները։
Զոհրաբ Մնացականյանը Վոլֆգանգ Շոյբլեին ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումը՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Բանակցային գործընթացի առաջմղման համար նախարարն ընդգծեց խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը։