Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումը և ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան Արմեն Գարոյի կիսանդրու բացման արարողությունը Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում

28 հունիսի, 2018

Հունիսի 28-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառում` Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ու Առաջին տիկին Նունե Սարգսյանի մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա շուրջ 250 հյուրերի թվում էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Կանզասի ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ Լի Թաֆանելին, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արևեյան Ամերիկայի թեմի նորընտիր առաջնորդ Դանիել վարդապետ Ֆինդիկյանը, Անուշավան եպիսկոպոս Դանիելյանը ԱՄՆ Արևելյան շրջանի Ազգային առաջնորդարանից, Հայ հեղափոխական դաշնակցություն ու Ռամկավար կուսակցությունների ղեկավար կազմը, ինչպես նաև տասնյակից ավելի ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ ԱՄՆ տարբեր ծայրերից:

Միջոցառման ընթացքում, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ու ՀՅԴ Արևելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի համատեղ ջանքերով, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից մեկի` ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան Արմեն Գարոյի (Գարեգին Բաստրմաջյան) կիսանդրու բացման արարողությունը:

Իրենց ելույթներում ՀՅԴ Բյորույի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը և ԱՄՆ Արևելյան շրջանի Կենտրոնական կոմիտեի անդամ Հայկ Օշականն ընդգծեցին այն անգնահատելի դերը, որ Արմեն Գարոն ունեցել է հայոց պետականության կայացման ու ՀՀ միջազգային համբավը բարձրացնելու գործում:

Միջոցառման ընթացքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը շնորհակալագիր հանձնեց քանդակի հեղինակ, կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագճեանին, ում հեղինակած` կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրին անցած տարի բացվել էր Օտավայի կենտրոնում:

Հայաստանի Հանրապետության 100-ամյակի առիթով դեսպանի կողմից շնորհակալագիր հանձնվեց նաև ամերիկահայ բարերար ու հասարակական գործիչ Սավի Թուֆենկյանին` իր ազգանվեր գործունեության ու ԱՄՆ-ում ՀՀ դինավագիտական ներկայացուցչություններին ցուցաբերած շարունակական աջակցության համար:

Երեկոյի ընթացքում կատարումներով հանդես եկավ նյույորքաբնակ հայ երիտասարդ օպերային երգիչ Քրիստոֆեր Նազարյանը: Վաշինգտոնի Բրայթվուդ հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի սաները, ովքեր այս տարվա ընթացքում «Embassy Adoption» ծրագրի շրջանակներում ուսումնասիրել են Հայաստանը, կատարեցին Առնո Բաբաջանյանի «Իմ Երևան» երգը: Միջոցառումը եզրափակվեց բոլոր ներկաների կողմից «Զեյթունցիների քայլերգի» կատարմամբ:

Տպել էջը