ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին

13 հուլիսի, 2018

Հուլիսի 13-ին Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 2-րդ նախարարական համաժողովին, ֆորումի հիմնադիր ութ անդամների՝ Բոլիվիա, Հունաստան, Չինաստան, Եգիպտոս, Իրան, Իրաք, Իտալիա, Պերու, համաձայնությամբ, Հայաստանը դարձավ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի լիիրավ անդամ։

Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ով համաժողովին ունեցած իր ելույթում անդրադարձ կատարեց Հայաստանի մի քանի հազարամյա պատմությանը` ընդգծելով, որ ֆորումին Հայաստանի անդամակցությունը ոչ միայն վերջինիս ճանաչումն է որպես հնագույն քաղաքակրթություն, այլև արժեքավոր նվեր Երևանի հիմնադրման 2800-ամյակին:  

Աշոտ Հովակիմյանը վերահաստատեց Հայաստանի՝  հանդուրժողականությանը, մշակութային բազմազանությանը և քաղաքակրթությունների միջև երկխոսությանը նպաստելու հանձնառությունը, ինչպես նաև հայտնեց Հայաստանի լիակատար աջակցությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նպատակներին, գաղափարներին և սկզբունքներին։

Համաժողովի աշխատանքների արդյունքում մասնակից երկրները, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը, ընդունեցին «Տիվանակուի (նախակոլումբիական շրջանի հնագիտական վայր Բոլիվիայում) հռչակագիրը»։

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Արգենտինայում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցան Բոլիվիայի ԱԳ նախարար Ֆերնանդո Ուանակունի Մամանիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների հետագա սերտացման և համագործակցության խորացման հնարավորություններն ու հեռանկարները: ԱԳ նախարարի տեղակալը բարձր գնահատեց 2014թ. Բոլիվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև Բոլիվիայի և Հունաստանի ԱԳ նախարարների կարևոր դերակատարությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին Հայաստանի անդամակցության գործընթացում։

Տեղեկանք. Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը ստեղծվել է 2017 թվականին: Ֆորումի առաջին նախարարական համաժողովը տեղի է ունեցել Աթենքում, 2017թ. ապրիլի 24-ին՝ Չինաստանի և Հունաստանի համատեղ նախաձեռնությամբ: 2017թ. որպես հիմնադիր-անդամներ ֆորումին մասնակցում էին Բոլիվիան, Եգիպտոսը, Հունաստանը, Իրաքը, Իրանը, Իտալիան, Չինաստանը և Պերուն, ինչպես նաև Հնդկաստանն ու Մեքսիկան` դիտորդի կարգավիճակով: Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի առաջին նախարարական համաժողովի արդյունքում ընդունված եզրափակիչ փաստաթղթով ձևավորվեց երկխոսության և մշակութային համագործակցության միջազգային կարևորագույն հարթակ։

 

 

Տպել էջը