Նյու Յորքում տեղի ունեցավ ընդունելություն՝ ի պատիվ ՀՀ ԱԳ նախարարի

20 հուլիսի, 2018

Հուլիսի 20-ին Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ընդունելություն՝ ի պատիվ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի։

Ընդունելությանը ներկա էին ՄԱԿ-ի պաշտոնյաներ, Նյու Յորքում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի անդամներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, համայնքային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ։

Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը բացման իր խոսքում նշեց, որ սա ոչ միայն առիթ է ողջունելու Հայաստանի նորանշանակ ԱԳ նախարարին, այլև հրաժեշտ տալու ՄԱԿ-ում Հայաստանի պատվարժան ներկայացուցչին։ Բարձր գնահատելով վերջինիս կողմից բազմակողմ այդ հարթակում Հայաստանի ներկայացումը՝ Վարդան Գրեգորյանը նախարար Մնացականյանին մաղթեց ամենայն հաջողություն դիվանագիտական իր գործունեության հաջորդ՝ առավել պատասխանատու փուլում։

Իր խոսքում ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տեր Դանիել վարդապետ Ֆինդիկյանը շեշտեց, որ մեր հանրապետությունը չի սահմանափակվում զուտ որոշակի աշխարհագրական սահմաններով․ այն մշակույթ է, քաղաքակրթություն, կենսունակ և պահանջկոտ երիտասարդություն ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Թեմի առաջնորդն իր լավագույն բարեմաղթանքները հղեց նախարար Մնացականյանին և Հայաստանի նոր կառավարությանը՝ հայ ժողովրդի և մեր օրինակով աշխարհի բոլոր ժողովուրդների համար արդարություն հաստատելու գործում։

Շնորհակալություն հայտնելով ներկաներին տարիների արդյունավետ համագործակցության և աջակցության համար՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ ստանձնելով Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը՝ պատրաստակամ է կիսել երկրում տեղի ունեցող գործընթացների համար քաղաքական մեծ պատասխանատվությունը, որի հիմքում ընկած է ժողովրդի կողմից տրված լայն մանդատը և վստահությունը։ «Եվ հենց այդ մանդատի հիման վրա իրականացվող մեր գործողությունները հստակ են․ ապահովել, որպեսզի արդարադատությունը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, արդարությունը ծաղկեն մեր երկրում։ Այս երկու ամսվա ընթացքում սա է եղել մեր երկրի պատմությունը, և այդ գործընթացը շարունակվելու է։

Գուցե մենք փոքր ժողովուրդ ենք, բայց ես ներկայացնում եմ շատ հպարտ ժողովուրդ, որը քաջատեղյակ է իր պատմությունից, իր ազգային ինքնությունից, ես ներկայացնում եմ մի ժողովուրդ, որն ունի արդարության բարձր զգացում, շատ ամուր հավատ առ մարդասիրություն, միջազգային համագործակցություն, խաղաղություն»,- շեշտեց նախարար Մնացականյանը։

 

Տպել էջը