Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի նորանշանակ մշտական ներկայացուցչին
07 օգոստոսի, 2018Օգոստոսի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի մշտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու հավատարմագրման նամակների հանձնման կապակցությամբ:
Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ անդամակցությունից ի վեր Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել ՄԱԿ-ի տարբեր ծրագրերում, և հանձնառու է կազմակերպության հետ հարաբերությունները շարունակել ձևավորված օրակարգի հիման վրա։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Շոմբի Շարփը նշեց, որ կներդնի առավելագույն ջանքերը` աջակցելու Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Շոմբի Շարփը գոհունակությամբ ընդգծեցին, որ Հայաստանը դրական առաջընթաց է արձանագրել Կայուն զարգացման օրակարգի և դրանից բխող նպատակների ու թիրախների իրականացման գործում, որոնք ամփոփվել են վերջերս կայացած ՄԱԿ-ի բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում ներկայացված Հայաստանի առաջին ազգային կամավոր զեկույցում։
Կողմերը քննարկեցին Հայաստանի ձեռքբերումները մայրական մահացության ցուցանիշի և նորածինների սեռերի անհամամասնության նվազման հարցում, որտեղ իր նպաստն ունի նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը: Դիտարկվեցին Հայաստանի առջև ծառացած ժողովրդագրական մարտահրավերները, այդ թվում՝ բնակչության ծերացումը և առաջիկա անելիքները: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի մշտական ներկայացուցիչը նախարարին ներկայացրեց Երիտասարդության միջազգային օրվա, Տարեցների միջազգային օրվա և Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակի շրջանակներում նախատեսված միջոցառումները:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը ընտրությունների պատշաճ կազմակերպման գործում սերտորեն համագործակցելու միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի կառույցների հետ։
Նախարար Մնացականյանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի և դրա ընթացքում նախատեսվող զուգահեռ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Անդրադառնալով դեկտեմբերի 9-ին Երևանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումի կազմակերպման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրելու այս ֆորումը ցեղասպանության կանխարգելման ևս մեկ հարթակի վերածելու ուղղությամբ։