Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների միջև տեղի ունեցան մարդու իրավունքների հարցերով խորհրդակցություններ

21 օգոստոսի, 2018

Օգոստոսի 21-ին Մոսկվայում տեղի ունեցան խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև, որոնք նվիրված էին միջազգային կազմակերպություններում մարդու իրավունքների շրջանակներում երկու երկրների համագործակցությանը:

Հայկական կողմից խորհրդակցությունները ղեկավարում էր ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը, ռուսական կողմից՝ ՌԴ ԱԳՆ հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների դեպարտամենտի պետ Ռինատ Ալյաուտդինովը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեում, Մարդու իրավունքների խորհրդում և ԵԱՀԿ-ում մարդու իրավունքների հարցերին նվիրված՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել սերտ համագործակցությունը նշված հարթակներում, ինչպես նաև 2019 թ. խորհրդակցությունները Երևանում անցկացնելու վերաբերյալ:

Տպել էջը