Հայաստանը մասնակցեց «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը. միջնորդություն և վեճերի կարգավորում» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը

29 օգոստոսի, 2018

Օգոստոսի 29-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը մասնակցեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը. միջնորդություն և վեճերի կարգավորում» խորագրով քննարկմանը, որը նախագահում էր Միացյալ Թագավորության արտաքին գործերի գերատեսչության պետնախարար Լորդ Ահմադը: Անվտանգության խորհրդի քննարկմանը մասնակցում էին նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Քենթերբերիի արքեպիսկոպոսը` Միջնորդության հարցերով Գլխավոր քարտուղարին կից գործող խորհրդի անդամի կարգավիճակով։

Իր ելույթում Մհեր Մարգարյանն անդրադարձավ միջնորդության կարևորությանը հակամարտությունների խաղաղ կարգավորման, ինչպես նաև վեճերի կանխարգելման առումով՝ նշելով, որ միջնորդական ցանկացած գործընթաց պետք է ունենա համապատասխան մանդատ և իրականացվի բոլոր կողմերի համաձայնությամբ: Շեշտվեց միջնորդություն իրականացնող դերակատարների՝ տվյալ հակամարտության հիմքերին ու առանձնահատկություններին լիարժեք տիրապետելու կարևորությունը։

Միջնորդության միջոցով հակամարտությունների կարգավորման գործում տարածաշրջանային կազմակերպությունների դերակատարության համատեքստում կարևորվեց ՄԱԿ-ի և Գլխավոր քարտուղարի շարունակական ու անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում։  

Անդրադառնալով խաղաղության և միջնորդական գործընթացներում կանանց դերակատարության ամրապնդմանը՝ ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից հիշատակվեց Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի (Խաղաղության և հակամարտությունների կարգավորման գործընթացներում կանանց դերակատարման վերաբերյալ) իրականացման նպատակով հասարակական լայն քննարկումների միջոցով Հայաստանում գործողությունների ազգային ծրագիր մշակելու գործընթացը։

Տեղեկանք. Միջնորդության և վեճերի կարգավորման թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2009թ․։

 

Տպել էջը