ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին

31 օգոստոսի, 2018

Օգոստոսի 31-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Մհեր Մարգարյանը վերահաստատեց ՀՀ կառավարության՝ ՄԱԿ-ի հետ համագործակցության օրակարգը խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ համատեղ քայլեր ձեռնարկելու հաստատակամությունը։ Հայաստանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

ՀՀ մշտական ներկայացուցիչ Մարգարյանը Գլխավոր քարտուղար Գուտերեշին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ հայկական կողմի մոտեցումները՝ վերահաստատելով, որ Հայաստանը հանձնառու է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, և ընդգծելով, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացի առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը: Կարևորվեց խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, զինադադարի անշեղ պահպանումն ու ռազմատենչ հռետորաբանության դադարեցումը։

Տպել էջը