Հայաստանի և Ճապոնիայի արտգործնախարարների հանդիպումը

03 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 3-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Ճապոնիայի արտգործնախարարի այցը կարելի է պատմական որակել հայ-ճապոնական հարաբերություններում, ինչը լավ հնարավորություն է ամփոփելու երկու երկրների քառորդդարյա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև քննարկելու ապագայում համագործակցության ուղիներն ու հեռանկարները: Հայաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց Ճապոնիայի նշանակալի դերակատարությունը Հայաստանի զարգացման օրակարգում տարբեր նախագծերի միջոցով, և հայտնեց հայկական կողմի երախտագիտությունը Հայաստանի անկախությունից ի վեր Ճապոնիայի կառավարության և ժողովրդի կողմից Զարգացման աջակցության շրջանակներում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջոցով տարբեր բնագավառներում ցուցաբերած աջակցության և իրականացված ծրագրերի համար, որի ծավալը հասնում է հարյուրավոր միլիոն դոլարների: Նախարարը նշեց, որ Հայաստանի ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Ճապոնիայի կառավարության և ժողովրդի ցուցաբերած օգնությունը 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո։

Կողմերը հանգամանալից անդրադարձան հայ-ճապոնական օրակարգի բազմաթիվ հարցերի, մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության առավել ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Զրուցակիցները վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունն առավել ընդարձակելու և խորացնելու ընդհանուր արժեքների, փոխադարձ վստահության ու հարգանքի, արդյունավետ համագործակցության վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները։

Քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերի համատեքստում զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված փոխգործակցությունը, պարբերաբար անցկացվող քաղաքական խորհրդատվությունները:

Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարները բարձր գնահատեցին Սենդայի հռչակագրի շրջանակներում հաստատված համագործակցությունն՝ ուղղված աղետների ռիսկերի նվազեցմանը ու բնական աղետների ժամանակ պատրաստվածության բարձրացմանը։ Որպես համագործակցության կարևոր ոլորտ ԱԳ նախարարներն ընդգծեցին տեղեկատվական ու բարձր տեխնոլոգիաները, նորարար և ստեղծագործ կրթությունը՝ շեշտելով տվյալ ոլորտում փորձի փոխանակման համար համատեղ ծրագրերի նախաձեռնման անհրաժեշտությունը։

ԱԳ նախարարները գոհունակություն հայտնեցին հարաբերությունների խորհրդարանական ձևաչափի և մասնավորապես երկու երկրների օրենսդիր մարմիններում գործող բարեկամության խմբերի արդյունավետ գործունեության առնչությամբ՝ նշելով, որ այս ուղղությամբ ձևավորված սերտ համագործակցությունը գալիս է լրացնելու և առավել հարստացնելու երկկողմ օրակարգը։

Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումները, նոր կառավարության՝ արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանի նոր կառավարությունը հանձնառտու է շարունակելու լայնածավալ բարեփոխումները և ձեռնարկելու գործնական քայլեր՝ ուղղված երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդմանը, տնտեսական և սոցիալական ոլորտներում հավասարության և արդարության երաշխավորմանը, կոռուպցիայի դեմ աներեր պայքարին։

Հայաստանի և Ճապոնիայի արտգործնախարարներն անդրադարձ կատարեցին միջազգային հրատապ խնդիրների, մասնավորապես Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության շուրջ ստեղծված իրավիճակին, Սիրայում տեղի ունեցող վերջին զարգացումներին, ինչպես նաև Կորեական թերակղզում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումների համատեքստում Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացում առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը։ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարներն ընդգծեցին ղարաբաղյան հակամարտություն բացառապես խաղաղ կարգավորումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Հանդիպման ավարտին Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:

Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում Ճապոնիայի ԱԳ նախարարը և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեցին Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Տպել էջը