Արտգործնախարար Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին
11 սեպտեմբերի, 2018Սեպտեմբերի 11-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին:
Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գործունեությանն առնչվող հարցերին։ Այս առումով ընդգծվեց խորհրդարանական հարթակի դերը միջազգային համագործակցության խթանման գործում:
Նախարար Մնացականյանը ներկայացրեց միջազգային հարթակում Հայաստանի ջանքերը՝ ուղղված ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, ինչպես նաև դրանց ժխտման դեմ պայքարին: Նա կարևորեց ԵԱՀԿ ԽՎ կողմից ցեղասպանությունների հիշատակման և կրթության վերաբերյալ հանձնառությունների իրականացումը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներին և առաջնահերթություններին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց կարգավորման գործընթացն այլ հարթակներ, այդ թվում՝ խոհրդարանական, տեղափոխելու փորձերի բացառման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ միջազգային միջնորդության մանդատ ունեցող միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: