Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ-ում Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկան
18 սեպտեմբերի, 2018Սեպտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ՝ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ նրա առաքելության ընթացքում կամրապնդվի և կակտիվանա երկու երկրների միջև համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում: Երկուստեք ընդգծվեց, որ առկա է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, և անհրաժեշտ է նախանշել դրա կիրառման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շրջանակը: Ներկայացնելով Հայաստանի զարգացման օրակարգը և դրա հիմնասյուներից հադնիսացող բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում Հայաստանի ձեռքբերումներն ու փորձը՝ նախարար Մնացականյանը հավելեց, որ այդ օրակարգի առաջմղման գործում կարևոր մասնաբաժին ունի ստեղծագործ կրթությունը:
Կողմերն անդրադարձան միջազգային կազմակերպությունների և հատկապես ՖՄԿ շրջանակներում հաստատված սերտ համագործակցությանը՝ նախանշելով դրա հետագա ընդլայմանն ուղղված քայլերը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, այդ ընթացքում նախատեսված հիմնական և հարակից միջոցառումներին: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը նշեց, որ ՖՄԿ-ին Հայաստանի անդամակցությունը մեծապես նպաստեց կազմակերպության անդամ երկրների, հատկապես Աֆրիկյան մայրցամաքի հետ կապերի զարգացմանը: Նախարարն ընդգծեց, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը միջոց է՝ առաջ մղելու մեր ընդհանուր արժեքներն ու նպատակները՝ բազմազանությունը, համերաշխությունը, հումանիզմը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը:
Հայաստանի ԱԳ նախարարը Կոնգոյի դեսպանին ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումը և առաջնահերթությունները: Այդ համատեքստում կողմերը համակարծիք էին, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: