Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումներն Էստոնիայում

18 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 17-18-ը այցով Էստոնիայում գտնվող դեսպան Տիգրան Մկրտչյանը մի շարք հանդիպումներ ունեցավ Էստոնիայի նախագահի աշխատակազմի, ինչպես նաև երկրի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ:

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Էստոնիայի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Լաուրի Կուսինգի հետ, որի ընթացքում քննարկվեցին առաջիկա երկկողմ բարձրաստիճան հանդիպումների, այդ թվում Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի Հայաստան այցելության մանրամասները: Հյուրի խնդրանքով դեսպան Մկրչտյանը ներկայացրեց Երևանում ս.թ. հոկտեմբերին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է անկախությունից ի վեր այս ամենախոշոր միջազգային միջոցառման բարձր մակարդակով կազմակերպումը:

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունում դեսպան Մկրտչյանը հանդիպեց էստոնիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Ռայներ Սակսին, որի ընթացքում իր զրուցակցին ներկայացրեց Տալլինում կազմակերպվելիք ՀՀ անկախության 27 և երկու երկրների 100-ամյակներին նվիրված միջոցառման մանրամասները, խոսեց ՀՀ ներքաղաքական զարգացումների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության թեմաների վերաբերյալ:

Դեսպան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստան-Էստոնիա թվային ֆորում անցկացնելու գաղափարը, որի շուրջ արդեն քննարկումներ են ընթանում երկու երկրների համապատասխան գերատեսչություններում՝ հավելելով, որ ՏՏ ոլորտում երկկողմ կապերի ակտիվացումը կարող է շարժիչ ուժ դառնալ Հայաստանի և Էստոնիայի տնտեսական համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար:

Անդրադառնալով հայ-էստոնական մշակութային հարաբերություններին՝ Էստոնիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարը խոսեց Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» գրքի էստոներեն թարգմանության մասին, նշելով, որ սա շատ կարևոր քայլ է երկու ժողովուրդների մշակութային փոխանակման տեսանկյունից:

Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում դեսպան Մկրտչյանը հանդիում ունեցավ նաև Էստոնիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքական վարչության նորանշանակ պետ, ՀՀ-ում Էստոնիայի նախկին դեսպան Պրիիտ Տուրկի հետ: Շնորհավորելով Պրիիտ Տուրկին նշանակման կապակցությամբ՝ դեսպանը հույս հայտնեց, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև առկա կառուցողական համագործակցության դրական մթնոլորտն այսուհետ նույնպես կպահպանվի: Հյուրի խնդրանքով դեսպան Մկրչտյանը ներկայացրեց Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը, մանրամասներ հայտնեց ներքաղաքական զարգացումների մասին:

Պրիիտ Տուրկն իր հերթին նշեց, որ Էստոնիան պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել ամենատարբեր ոլորտներում թե երկկողմ, և թե ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման ընթացքում: Դեսպան Մկրտչյանի խոսքով երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման գործում անգնահատելի ներդրում կարող է ունենալ երկու երկրների ՏՏ մասնավոր և պետական ոլորտների պատասխանատուների մասնակցությամբ ՏՏ ֆորումի կազմակերպումը և անցակցումը: Պրիիտ Տուրկը ողջունեց դեսպանի գաղափարը՝ խոստանալով գործադրել բոլոր ջանքերը գաղափարը զարգացնելու և կյանքի կոչելու համար:

Էստոնիայի խորհդարանում՝ Ռիյգիկոգուում, դեսպան Մկրտչյանն առանձին հանդիպումներ ունեցավ Էստոնիայի խորհրդարանի պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի համանախագահ Հաննես Հանսոյի և նույն բարեկամական խմբի անդամ Կալլե Պալլինգի հետ:

Դեսպան Մկրտչյանն իր գոհունակությունը հայտնեց Հաննես Հանսոյի՝ բարեկամության խմբի ղեկավարի դերը ստանձնելու կապակցությամբ՝ քաջալերելով էլ ավելի ակտիվ օգտագործել խորհրդարանական դիվանագիտության ձևաչափը երկկողմ շփումներն ակտիվացնելու նպատակով: Հաննես Հանսոյը պատրաստակամություն հայտնեց իր ներդրումն ունենալ երկու երկրների խորհդարանների միջև հարաբերությունների սերտացման և խորացման հարցում:

Կալլե Պալլինգի հետ հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ ներքին և արտաքին քաղաքական վերջին զարգացումները:

Տեղի ունեցած բոլոր հանդիպումների ընթացքում դեսպան Մկրտչյանը զրուցակիցների ուշադրությանն է ներկայացրել նաև Ադրբեջանի կողմից վերջին օրերին ՀՀ պետական սահմանի երկայնքով ձեռնարկվող սադրիչ գործողությունները՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ապակառուցողական քաղաքականությանը և միտումնավոր թիրախավորում քաղաքացիական բնակչությանը և օբյեկտները: Դեսպանը նաև հավելել է, որ պաշտոնական Բաքվի մաքսիմալիստական քաղաքականությունը, երկրի բարձրագույն ղեկավարության ռազմատենչ հռետորաբանությունը և Արցախն առանց հայերի տեսնելու ցանկությունը այն հիմնական խոչըդոտներն են, որոնք թույլ չեն տալիս հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Տպել էջը