Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Աստանայում

21 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Wyndham Garden» հյուրանոցի հանդիսասրահում տեղի ունեցավ Ղազախստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին:

Ընդունելությանը ներկա էին ավելի քան 200 հյուրեր: Նրանց թվում էին նաև ՂՀ Սենատի և Մաժիլիսի պատգամավորներ, ՂՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, դիվանագետներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, լրագրողներ, ձեռնարկատերեր, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով ներկաներին դիմեցին դեսպան Արա Սահակյանը և ՂՀ ներդրումների ու զարգացման փոխնախարար Թիմուր Տոկտաբաևը: Դեսպանն իր ելույթում ընդգծեց Անկախության անանց նշանակությունը, ինչպես նաև Ղազախստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման կարևորությունը:

Այնուհետև, դեսպանը ՂՀ ներդրումների ու զարգացման փոխնախարար Թիմուր Տոկտաբաևին նվիրեց Ակտոբեում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանի նախաձեռնությամբ և ՂՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ ղազախերենով հայկական պոեզիայի օրերս լույս տեսած «Արարատի մեղմ հովերը» հատընտիրի առաջին օրինակը:

Հայկական մեղեդիների կատարմամբ հանդես եկան դուդուկահար, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանը և ջութակահար Անդրանիկ Արաբյանը:  

Հյուրերը հնարավորություն ունեցան համտեսելու տեղի հայ խոհարարների պատրաստած ուտեստները և  «Արարատ» հայկական կոնյակը:

Ընդունելությանը ներկա դեսպաններին և պատվավոր մյուս հյուրերին Հայաստանի դեսպանի կողմից ընծայվեցին ծիրանենու փայտից պատրաստված դուդուկներ:

Տպել էջը