Մեքսիկայի Միչոական նահանգի մայրաքաղաք Մորելիայում Հայաստանի պատվո հյուպատոսության բացումը

21 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 21-ին Մեքսիկայի Միչոական նահանգի մայրաքաղաք Մորելիայում բացվեց Հայաստանի պատվո հյուպատոսությունը։ Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանի, դեսպանության անձնակազմի, մեքսիկահայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ ԱՄՆ-ից հատուկ ժամանած Սասուն վարդապետ Զմրուխտյանը օրհնեց հյուպատոսությունը։

Նույն օրը դեսպան Այվազյանը հանդիպեց Միչոականի նահանգապետ Սիլվանո Աուրեոլես Կոնեխոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին ապակենտրոնացված համագործակցությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում՝ պայմանավորվածություն ձեռք բերելով համատեղ աշխատանքներ տանել մշակութային, կրթական և առևտրատնտեսական ոլորտներում փոխգործակցության հաստատման ուղղությամբ։

Այնուհետև ՀՀ դեսպանության անունից կազմակերպվեց հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Անկախության 27-ամյա տարեդարձին։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան դեսպան Արա Այվազյանը, Մեքսիկայի Մարոնիտ եկեղեցու առաջնորդ, եպիսկոպոս Ջորջ Սաադ Աբի Յունեսը, Սասուն վարդապետ Զմրուխտյանը, ՀՀ պատվո հյուպատոս Հակոբ Սահակյանը և Միչոականի նահանգապետի ներկայացուցիչ, նահանգի Միգրացիայի քարտուղար Խոսե Լուիս Գուտիերես Պերեսը։ Ընդունելությանը ներկա էին դաշնային և նահանգային բազմաթիվ սենատորներ և պատգամավորներ, Միչոականի նահանգային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հայկական, լիբանանյան և հունական համայնքների անդամներ, լրագրողներ։

Երեկոյի հյուրերին ներկայացվեց Հայաստանի մասին լուսանկարչական ցուցահանդես, ինչպես նաև հայկական երգի ու պարարվեստի լավագույն նմուշները կատարեց նորաստեղծ «Մուշ» պարախումբը։

Տեղեկանք. Միչոական նահանգը Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է, զբաղեցնում է մոտ 60 հազ. քառ. կմ. տարածք և ունի 4,5 մլն. բնակիչ։ Նահանգը հայտնի է իր գյուղատնտեսական արտադրանքով և համարվում է ավոկադոյի խոշորագույն արտադրող և արտահանող։ Նահանգում ծնված մոտ 4 միլիոն մարդ բնակվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում։

 

Տպել էջը