ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված տոնակատարություն Բեյրութում

21 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 21-ին Բեյրութի «Լը Ռոյալ» հյուրանոցի հանդիսասրահում տեղի ունեցավ Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված ընդունելություն:

Պաշտոնական միջոցառմանը ներկա էին Լիբանանի նախագահի ներկայացուցիչ, պետական նախարար Նիկոլաս Թուեյնին, վարչապետ Սաադ Հարիրիի ներկայացուցիչ, Կանանց հարցերով պետական նախարար Ժան Օղասափյանը և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի ներկայացուցիչ Մուստաֆա Ալ Հուսսեյնին, Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս - պատրիարք Գրիգոր Պետրոս Ի-ն, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպս. Ալէեմեզյանը, Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահ, վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանը, տարբեր եկեղեցիներ ներկայացնող հոգևոր առաջնորդներ, Բեյրութում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ, Լիբանանի կառավարության և խորհրդարանի ներկա և նախկին անդամներ, մշակույթի և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, բանակի գեներալներ, Յունիֆիլի հայ զինծառայողներ, հայ համայնքի տարբեր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, գործարարներ:

Իր ելույթում Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, որոնց արդյունքում ժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի կողմից մայիսի 8-ին ընտրվեց ՀՀ վարչապետ: Դեսպանը ներկայացրեց ներքին քաղաքական վերափոխումները՝ միտված ժողովրդավարացմանը, արդարության հաստատմանը, կոռուպցիայի դեմ պայքարին: ՀՀ արտաքին քաղաքականությանն իր անդրադարձում, դեսպանը կարևորեց շարունակականության ապահովումը:

Սամվել Մկրտչյանը գոհունակությամբ նշեց Հայաստանի և Լիբանանի միջև զարգացող և ամրապնդվող հարաբերությունների փաստը՝ անդրադառնալով փետրվարին նախագահ գեներալ Միշել Աունի Հայաստան և մարտին ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի Լիբանան այցերին: Դեսպանը կարևորեց միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի և Լիբանանի սերտ համագործակցությունը, ընդհանուր օրակարգի ձևավորումն ու իրականացումը:

Դեսպան Մկրտչյանի կողմից առանձնահատուկ արժևորվեց Լիբանանի հայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:

Տպել էջը