ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Տոկիոյում

21 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 27-ամյա տարեդարձի կապակցությամբ Տոկիոյի «Օկուրա» հյուրանոցի սրահում Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց պաշտոնական ընդունելություն:

Միջոցառման մեկնարկին հյուրերին ողջույնի խոսքով դիմեց Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը՝ մասնավորապես անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած քաղաքական և տնտեսական փոփոխություններին, խորհրդարանական կառավարման համակարգի անցմանը, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև հայ-ճապոնական հարաբերությունների ներկա մակարդակին և զարգացման հեռանկարներին: Անդրադառնալով Ճապոնիայի արտգործնախարարի վերջերս Հայաստան կատարած այցին՝ դեսպան Պողոսյանը ողջունեց այդ փաստը՝ նշելով, որ իբրև արտգործնախարարի մակարդակով առաջին այց Հայաստան դա շատ կարևոր քայլ էր հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Այնուհետև ելույթով հանդես եկավ Ճապոնիայի արտգործնախարարի խորհրդարանական տեղակալ Մանաբու Հորին, ով ընթերցեց Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոյի ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես անդրադարձ էր կատարվում Ճապոնիայի արտգործնախարարի վերջերս Հայաստան կատարած այցին՝ նշելով, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ մտքեր են փոխանակվել հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման ուղիների շուրջ: Ուղերձում ընդգծվում էր, որ Հայաստանը հարուստ է մարդկային ռեսուրսներով, մասնավորապես ՏՏ ոլորտի մասնագետներով՝ կիսվելով Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն իր այցելության տպավորություններով:

Պաշտոնական արարողության ավարտին շնորհավորական ուղերձով հանդես եկավ Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, Տոկիո-2020 օլիմպիադայի և պարաօլիմպիադիայի հարցերի նախարար Շունիչի Սուձուկին, ով անդրադարձավ 2016թ. որպես Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի քարտուղար Հայաստան կատարած իր այցին, ինչպես նաև հույս հայտնեց, որ Հայաստանի և Ճապոնիայի խորհրդարանների և ժողովուրդների միջև բարեկամական կապերը կշարունակեն խորանալ, այդ թվում նաև՝ սպորտի ոլորտում:

Ընդունելությանը ներկա էին Ճապոնիայի Ազգային ժողովի, կառավարության, Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության և պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Ճապոնիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, «Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնության», Ճապոնա-հայկական բարեկամության միության անդամներ, գործարարներ, արվեստագետներ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:     

Տպել էջը