Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Ռիգայում

21 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 21-ին Լատվիայում ՀՀ դեսպանությունը (նստավայը՝ Վիլնյուս) Լատվիայի երաժտական ակադեմիայում կազմակերպել էր համերգ՝ նվիրված Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին, ինչպես նաև ՀՀ անկախության 27-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին Լատվիայի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Լատվիայում հավատարմագրված շուրջ մեկ տասնյակ դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, լատվիացի մտավորականներ և կոմպոզիտորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Լատվիայի և Հայաստանի մշակույթի նախարարությունների աջակցությամբ անցկացված միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Լատվիայի մշակույթի նախարարության գլխավոր քարտուղար Դասե Վիլսոնեն, ով, անդրադառնալով լատվիական մշակութային կյանքում մեծ ներդրում ունեցող հայազգի գործիչներին, գոհունակությամբ նշեց, որ նման միջոցառումների կազմակերպումը ևս մեկ անգամ հաստատում է հայ-լատվիական մշակութային հարաբերությունների բարձր մակարդակը:

Իր ելույթում Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, որ հայ-լատվիական մշակութային, գիտակրթական հարաբերությունները վերջին տարիներին էապես զարգացում են ապրել, որի արդյունքում հնարավորություն է ընձեռվել հայոց պատմությունը և հայ մշակույթի հատընտիր գործերը լավագույնս ներկայացնել լատվիական հանրությանը:

Խոսելով հայ-լատվիական քաղաքական հարաբերությունների մասին՝ դեսպանն այդ համատեքստում կարևորեց ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի կյանքի կոչելը, որի առաջին վավերացնողներից էր Լատվիայի օրենսդիր մարմինը, և հույս հայտնեց, որ առաջիկայում հայ-լատվիական քաղաքական հարաբերությունները նոր փուլ կթևակոխեն: Իր խոսքում Տիգրան Մկրտչյանը շոշափեց նաև տնտեսական համագործակցության դրական դինամիկան և երկկողմ առևտրաշրջանառության աճը, կարևորեց Ռիգայի հայ առաքելական եկեղեցու դերը հայկական ինքնության պահպանման գործում:

Համերգի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ունկնդրելու ականավոր ժամանակակից հայ և լատվիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ երիտասարդ դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ։ Համերգից հետո տեղի ունեցավ ընդունելություն:

Տպել էջը