Դեսպանի Մինասյանի այցը Ռումինիայի Տիմիշոարա քաղաք

22 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 21-ից 22-ը Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն այցելեց  Ռումինիայի՝ բնակչությամբ երրորդը հանդիսացող Տիմիշոարա քաղաք՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության անկախության օրվան  նվիրված համերգին, որը կազմակերպված էր Տիմիշոարայի ֆիլհարմոնիայում՝ գլխավոր տնօրեն Իոան Կորիոլան Գարբոնիի նախաձեռնությամբ:

Համերգի բացմանը  դեսպան Մինասյանը հանդես եկավ ողջույնի խոսքով: Համերգի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Գաբրիել Վոյկու Անտոնյանի դիրիժորության ներքո:

Նույն օրը տեղի ունեցավ դեսպանի հանդիպումը Տիմիշոարայի քաղաքապետ պրոֆեսոր Նիկոլաե Ռոբուի հետ: Հանդիպման ընթացքում քննարվեցին Ռումինիայի և Հայաստանի մարզերի և քաղաքների միջև համագործակցության հնարավորությունները, այդ թվում նաև Տիմիշոարայի և Հայաստանի  քաղաքներից մեկի հետ քույր քաղաքի կարգավիճակի հաստատման հարցը: Քննարկվեց նաև համագործակցությունը ՏՏ և թվային հարթակում ծավալելու հնարավորությունը:

Այցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում Տիմիշոարայի արքեպիսկոպոս, Բանաթի մետրոպոլիտ Իոան Սելեժանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայ և ռումին ժողովուրդների միջև պատմական լուրջ կապերի վրա խարսխված բարեկամական հարաբերություններին, ընդհանրություններին և հնարավոր համագործակցությանը մշակութային և հումանիտար ոլորտներում:

Տպել էջը