Անկախության օրվան նվիրված միջոցառում և գրքի շնորհանդես Ակտոբե քաղաքում

23 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 22-23-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանն այցելել էր ՂՀ Ակտոբե քաղաք, որտեղ դեսպան Սահակյանը ներկա գտնվեց և ելույթով հանդես եկավ Ակտոբեում ՀՀ պատվավոր հյուպատոսությունում անցկացված՝ Հայաստանի անկախության օրվան նվիրված ընդունելությանը: Միջոցառմանը ներկա էին քաղաքային իշխանության, հայ համայնքի, գործարար շրջանակների, մտավորականության, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ընդունելության ընթացքում հայկական և ղազախական երաժշտական կատարումներով հանդես եկան Առնո Բաբաջանյանի մրցույթի դափնեկիրները:

ՀՀ պատվավոր հյուպատոս, «Ուրարտու» հայկական մշակութային կենտրոնի նախագահ Հայկ Տերտերյանի հովանավորությամբ Հայաստանում երկշաբաթյա շրջագայության մեկնած` հիշյալ մրցույթի այս տարվա գլխավոր մրցանակակիր Զարու Ժազըկբաևան, մրցույթի կազմակերպիչ Դիանա Նիյազովան, լրագրող Վլադիսլավ Կոժուխարը պատմեցին Հայաստան այցից իրենց տպավորությունների մասին:

Ապա տեղի ունեցավ ՀՀ պատվավոր հյուպատոսի նախաձեռնությամբ անցկացված շախմատի մրցույթի հաղթողների մեծարման և մրցանակների հանձնման արարողությունը:

Այցի երկրորդ օրն սկսվեց ռուս ուղղափառ եկեղեցու բակում 2015թ-ին տեղադրված խաչքարին ծաղիկների խոնարհմամբ և ծառատունկով, այնուհետև Ակտոբեի Բաիշևի անվան գրադարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ՀՀ պատվավոր հյուպատոսի հովանավորությամբ և ՀՀ դեսպանության աջակցությամբ լույս տեսած «Արարատի մեղմ հովերը» հատընտիրի շնորհանդեսը:

Իր խոսքում դեսպան Սահակյանը նշեց, որ հատընտիրում տեղ գտած գոհարները պատկերացում են տալիս հայ հազարամյա բանաստեղծական արվեստի մասին:

Ղազախստանի գրողների միության Ակտոբեի մասնաճյուղի նախագահ Բաուրժան Ուտեուլիևը և գրաքննադատ Բաուրժան Կուրմանկուլովն ընդգծեցին թարգմանության բարձր որակը, իսկ Հայկ Տերտերյանը կարևորեց ներկայացվող հատընտիրի դերը հայ-ղազախական գրական կապերի աշխուժացման գործում:

Հատընտիրի թարգմանիչ Երտայ Աշըկբաևը, շնորհակալություն հայտնելով իր աշխատանքին տրված բարձր գնահատականի համար, հատվածներ ընթերցեց Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից, Ավետիք Իսահակյանի և Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծություններից:

 

Տպել էջը