ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Կահիրեում

23 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 23-ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին։

Միջոցառման հյուրերի թվում էին ԵԱՀ հնությունների նախարար Խալիդ Ալ Անանին, ներգաղթի և արտագաղթածների նախարար Նաբիլա Մաքրամը, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, դեսպաններ և դիվանագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ, գործարարներ, լրագրողներ, եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, ով նշեց անկախությունից ի վեր Հայաստանի ձեռքբերումների և առկա մարտահրավերների, ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների մասին։

Անդրադառնալով հայ-եգիպտական միջպետական փոխհարաբերություններին՝ դեսպանն ընդգծեց, որ դրանց հիմքում երկու հինավուրց ժողովուրդների պատմամշակութային հարուստ ավանդույթներն են ու ամուր բարեկամությունը, և որ նախորդ տարի սեպտեմբերին Երևանում կայացած հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի գումարումը նոր լիցք հաղորդեց երկկողմ առևտրատնտեսական կապերին։ Արմեն Մելքոնյանն անդրադարձավ նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ինչպես նաև Երևանի 2800-ամյակի կապակցությամբ նախատեսվող միջոցառումներին։

Նախօրեին ՀՀ դեսպանություն էր այցելել ԵԱՀ նախագահի անձնական ներկայացուցիչը, ով Հայաստանի անկախության տոնի առթիվ դեսպան Մելքոնյանին փոխանցել էր ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ Էլ-Սիսիի ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ ուղղված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին:

Տպել էջը