ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Լեհաստանում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ

23 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեց ՀՀ Անկախության օրվան, Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորման 100-ամյակին նվիրված ընդունելություն, որին ներկա էին Լեհաստանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Լեհաստանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, լեհահայ համայնքային գործիչներ։

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը ներկաներին ուղղված իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Մենք հպարտությամբ ենք հիշում մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր իրենց պայքարով 100 տարի առաջ ստեղծել են Հայաստանի առաջին Հանրապետությունը, նաև նրանց, ովքեր, ապրելով և արարելով Լեհաստանում, իրենց կյանքն են զոհաբերել հանուն իրենց երկրորդ հայրենիքի՝ Լեհաստանի Անկախության»։ Դեսպան Ղազարյանն իր ելույթում անդրադարձավ նաև մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանին և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովին։

Միջոցառմանը դեսպանի կողմից ջութակի կատարմամբ հնչեցին Հայաստանի և Լեհաստանի պետական օրհներգները՝ լեհական Կալիշ քաղաքի արվեստի դպրոցի երաժշտախմբի նվագակցությամբ: Երեկոյի ընթացքում հնչեցին նաև հայազգի հռչակավոր երգահանների ստեղծագործություններ:

Սեպտեմբերի 21-ին Վարշավայի խորհրդանիշներից մեկը հանդիսացող Մշակույթի և գիտության պալատի շենքի վրա ամբողջ երեկոյի ընթացքում լուսարձակվեցին ՀՀ դրոշի գույները։

Սեպտեմբերի 22-ին Վարշավայի կենտրոնական եկեղեցում՝ Աստծո արարչագործության տաճարում, մատուցվեց Հայ Կաթողիկե եկեղեցու կարգով Սուրբ Պատարագ: Պատարագին հաջորդեց եկեղեցու բակում հայկական խաչքարի բացման արարողությունը՝ Լեհաստանում ՀՀ դեսպանի հովանավորությամբ: Արարողությանը մասնակցում էին Լեհաստանի Սեյմի նախագահի խորհրդականը, քաղաքական և դիվանագիտական շրջանակների գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Դեսպան Ղազարյանն իր խոսքում նշեց, որ Վարշավայի կենտրոնական եկեղեցու բակում տեղադրված խաչքարը կանգնեցվել է լեհ ժողովրդի մեծ զավակ ու հայ ժողովրդի մեծ բարեկամ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի հիշատակին։ Արարողությանը ելույթով հանդես եկավ նաև Վարշավայի Արքեպիսկոպոս, Նորին Սրբություն կարդինալ Կազիմիր Նիչը, ով անդրադարձավ Հայոց ցեղասպանության արհավիրքին, Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորմանը, Լեհաստանում հայերի վաղեմի ներկայությանն ու հայ-լեհական բարեկամական հարաբերություններին:

Սեպտեմբերի 23-ին Լեհաստանի Կուրով քաղաքում մատուցված Հայ Կաթողիկե եկեղեցու պատարագից հետո հանդիսավորությամբ օծվեց հայկական ծագումով նշանավոր լեհ հոգևորական, փիլիսոփա, գրող, պետական և հասարակական գործիչ, Լեհաստանի մայիսի 3-ի Սահմանադրության համահեղինակ, Լեհաստանի առաջին Հանրապետության կրթության առաջին նախարար Գժեգոժ Պիրամովիչի (Գրիգոր Փիրումյանի) հիշատակին նվիրված հայկական խաչքարը։ Արարողությանը ներկա էին Կուրովի տեղական իշխանությունների, համայնքային ներկայացուցիչներ, մտավորականներ և լրագրողներ։

Ներկաներին ուղղված խոսքում դեսպան Էդգար Ղազարյանը, կարևորեց Կուրովում կանգնեցված հայկական հուշարձանը՝ որպես հայ և լեհ ժողովուրդների միջև բարեկամության խորհրդանիշ։

Տպել էջը