ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումներ Կանադայում

24 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 21-24-ը Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ` նվիրված ՀՀ անկախության 27-ամյակին:

Սեպտեմբերի 21-ին Օտտավայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ Կանադայի խորհրդարանի, արտաքին քաղաքական գերատեսչության, Օտտավայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և Կանադայի հայկական կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ելույթով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը, ով մասնավորապես անդրադարձավ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, հայ-կանադական հարաբերություններին և մասնավորապես հոկտեմբերի 10-13-ը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Հայաստան կատարելիք այցին:

Սեպտեմբերի 21-ին Տորոնտոյում Օնտարիո նահանգի հայկական կազմակերպությունների և Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի ունեցավ տոնական երեկո, որի ընթացքում ելույթներով հանդես եկան հայկական կազմակերպությունների ղեկավարներն ու հայ համայնքի ներկայացուցիչները: Միջոցառմանն ընթերցվեց Կանադայում ՀՀ դեսպանի շնորհավորական ուղերձը Տորոնտոյի հայությանը:

Սեպտեմբերի 22-ին Քվեբեկի Հայ համայնքի միացյալ մարմնի հովանավորությամբ Մոնրեալ քաղաքում կայացավ տոնական երեկույթ, որին մասնակցեցին և ելույթով հանդես եկան Կանադայում ՀՀ դեսպանը, ինչպես նաև հայ ավանդական կուսակցությունների և կազմակերպությունների ղեկավարները: Իր ելույթում դեսպան Մարտիրոսյանը նշեց, որ անկախության 27 տարիների ընթացքում Հայաստանն ապացուցել է, որ իր ուրույն տեղն է զբաղեցնում ժողովրդավար երկրների միջազգային ընտանիքում և վերջերս տեղի ունեցած իրադարձությունները դրա վառ ապացույցն են: Միջոցառմանը մասնակցում էին կանադացի խորհրդարանականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հոգևորականներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Սեպտեմբերի 24-ին ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը մասնակցեց Վանկուվերի Հայ համայնքի նախաձեռնությամբ կազմակերպված տոնական երեկոյին, որի ընթացքում հանդես եկավ ելույթով:

Տպել էջը