Սոֆիայում նշվեց Հայաստանի անկախության 27-ամյակը

25 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 25-ին Սոֆիայի «Балкан» հյուրանոցի սրահում Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին:

Ընդունելությանը ներկա էին ԲՀ նախագահի աշխատակազմի, Ժողովրդական ժողովի և կառավարության, այդ թվում ԱԳՆ և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Սոֆիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հեղինակավոր հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և պաշտոնատար այլ անձինք։

Հրավիրվածների շարքում էին Բուլղարիայի հայկական համայնքային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, հայազգի հասարակական և մշակութային հայտնի գործիչներ, գործարարներ։

Միջոցառմանը շնորհավորական ուղերձով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Նշելով Հայաստանում տեղի ունեցած և դեռևս կայանալիք կարևոր իրադարձությունները՝ դեսպան Սարգսյանն անդրադարձավ Հայաստանի անկախության վերականգման, Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման 100-ամյակին, ինչպես նաև Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին: Նա կարևորեց Երևանում «Ապրել միասին» կարգախոսի ներքո կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը:

Դեսպան Սարգսյանն անդրադարձավ նաև Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին՝ սիրո և համերաշխության հեղափոխությանը, ինչպես նաև ՀՀ արտաքին քաղաքականության հիմնահարցերին:

Պաշտոնական մասի ավարտին հայկական երգերով հանդես եկան բուլղարահայ հայտնի երգիչներ Հայկաշոտ Աղասյանն ու Արթուր Նադոսյանը, հայկական պարերով ելույթ ունեցավ Սոֆիայի «Նաիրի» պարային համույթը:

Տպել էջը