Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՀԱՊԿ անդամ-պետությունների արտգործնախարարների հանդիպմանը
26 սեպտեմբերի, 2018Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում մասնակցեց ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։
ԱԳ նախարարները քննարկեցին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ներկայացրին ՄԱԿ-ի շրջանակներում իրենց առաջնահերթությունները, անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի հարթակում ՀԱՊԿ անդամ-պետությունների նախաձեռնություններին ու դրանց փոխադարձ սատարմանը, մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ ընթացիկ աշխատանքների շուրջ:
Իր խոսքում նախարար Մնացականյանը կարևորեց նախարարական հանդիպման այս ավանդական ձևաչափը, որպես արտաքին քաղաքական համակարգման արդյունավետ հարթակ:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման շրջանակներում ծավալվող գործընթացի շուրջ:
ՀԱՊԿ անդամ պետությունների նախարարների ուշադրությանը ներկայացվեցին նոյեմբերին Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի ու կանոնադրական մարմինների նիստերին, ինչպես նաև կազմակերպության աշխատանքային օրակարգին առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին ԱԳ նախարարները ստորագրեցին «Տարածաշրջանային կազմակերպությունների և կառույցների հետ ՀԱՊԿ համագործակցության ակտիվացման», «Աֆղանստանում իրադրության, երկրի հյուսիսային նահանգներում ԻԼԻՊ-ի դիրքերի ամրապնդման և Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոցների տարածման վտանգի աճի», «Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրադրության կայունացմանն ուղղված ջանքերի» վերաբերյալ հայտարարությունները։