Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարների հանդիպումը

26 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տեոդոր-Վիորել Մելեշկանուին:

Բարձր գնահատելով դարերի պատմություն ունեցող հայ-ռումինական հարաբերությունները՝ ԱԳ նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործական քայլեր ձեռնարկել տարբեր ուղղություններով համագործակցության առավել խորացման ուղղությամբ՝ որպես կարևոր բաղադրիչ նշելով ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունները և փոխայցելությունները: Երկուստեք կարևորվեց Ռումինիայի հայ համայնքի դերակատարությունը` որպես երկու պետություններին միավորող ամուր կամուրջ:

Զրուցակիցներն անդրադարձան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ինչպես Եվրոպական միության, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների հետ Հայաստանի գործընկերության զարգացման տեսանկյունից:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժն առավել արդյունավետորեն իրացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի գործունեության վերաակտիվացման միջոցով:

Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները մանրակրկիտ անդրադարձան Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, օրակարգին, ինչպես նաև մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերին:

Նախարար Մնացականյանն իր ռումին գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում հայկական կողմի առաջնահերթությունները: Կողմերը համակարծիք էին հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորման հարցում:

Տպել էջը