ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ

28 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ  պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ:

Նախարարը պետքարտուղարի տեղակալին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական ժողովրդավարական զարգացումները, կառավարության ծրագրային առաջնահերթությունները, մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին ակտիվացնել քաղաքական երկխոսությունը։ Մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական, Հայաստանի զարգացման օրակարգի, հատկապես՝ վերջինիս շարժիչ ուժ դիտարկվող նորարարական և գիտակրթական ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա խորացման շուրջ՝ այս առումով կարևորելով Հայաստան - ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:

Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրների, մասնավորապես Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին:

Զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ջանքերին:

 

Տպել էջը