Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին նվիրված միջոցառում Սոֆիայում

28 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 28-ին Սոֆիայի Ֆրանկոֆոնիայի կառավարման բարձրագույն դպրոցում Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների տարածաշրջանային գրասենյակի և Հայ բարեգործական ընդհանուր միության Սոֆիայի մասնաճյուղի հետ համագործակցությամբ կազմակերպել էր աշխատանքային հանդիպում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին:

Միջոցառմանը ներկա էին ԲՀ ԱԳՆ և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Սոֆիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների ներկայացուցիչներ, դեսպաններ, Սոֆիայի համալսարանի, Ֆրանսիական ինստիտուտի և Բարձրագույն դպրոցի դասախոսներ, մի շարք հասարակական կազմակերպությունների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ Հայաստանը չափազանց մեծ կարևորություն է տալիս Երևանում կայանալիք ՖՄԿ գագաթաժովին ու դրա շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումներին: Դեսպան Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ գագաթաժողովի արդյունքում ընդունվելիք որոշումները լավագույնս կնպաստեն ՖՄԿ գործունեության արդյունավետության բարձրացմանն ու դրա միջազգային հեղինակության առավել ամրապնդմանը:

ՖՄԿ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռենի Յոտովան ներկայացրեց գագաթաժողովի շրջանակներում կայանալիք միջոցառումները, իսկ ՀԲԸՄ Սոֆիայի մասնաճյուղի պատվավոր ատենապետ Սոնյա Ավագյան-Պետրոսյանը՝ ՖՄԿ համառոտ պատմությունն ու կառուցվածքը: Ելույթ ունեցողները պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին:

Միջոցառման ընթացքում, որի աշխատանքային լեզուն ֆրանսերենն էր, ցուցադրվեցին Հայաստանի մասին պատմող ճանաչողական տեսահոլովակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանի միջև վերջերս Երևանում կայացած հանդիպման տեսանյութն ու Հանրային հեռուստաընկերությանը Միկաել Ժանի տված հարցազրույցը: Մասնակիցների ուշադրությանը ներկայացվեց նաև Մատենադարանի մասին պատմող ֆրանսերեն տեսաֆիլմը: Միջոցառման ավարտին կազմակերպվեց ընդունելություն:

Տպել էջը