Դեսպան Սահակյանի հրաժեշտի հանդիպումը ՂՀ Մաժիլիսի նախագահի հետ

01 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 1-ին ՀՀ դեսպան Արա Սահակյանը Ղազախստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ հրաժեշտի հանդիպում ունեցավ ՂՀ Խորհրդարանի ստորին պալատի` Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ:

Ողջունելով հյուրին և շնորհավորելով բարեկամ Հայաստանին Անկախության օրվա առթիվ` Նուրլան Նիգմատուլինը գոհունակությամբ ընդգծեց առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար և մյուս ոլորտներում հայ-ղազախական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը` վկայակոչելով Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՂՀ նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև օրերս կայացած հանդիպումը:

Մաժիլիսի նախագահը բարձր գնահատեց դեսպան Սահակյանի ներդրումը երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում՝ մաղթելով նրան հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի զարգացման խնդիրներին` Նուրլան Նիգմատուլինը հաստատեց, որ անձամբ կմասնակցի հոկտեմբերի 29-30-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին և նոյեմբերի վերջին սպասում են հայ-ղազախական բարեկամության խորհրդարանական խմբի այցը Աստանա:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Սահակյանն իր երախտագիտությունը հայտնեց Ղազախստանի իշխանությանը դեսպանությանը ցուցաբերված մշտական աջակցության, սերտ փոխգործակցության, ինչպես նաև հայ համայնքի հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար: Դեսպանը Մաժիլիսի նախագահին նվիրեց հայ գեղանկարիչների գործերի` Ալմաթիում անցկացված ցուցահանդեսի «Իմ Հայաստան» կատալոգը (հայերեն, ղազախերեն, ռուսերեն, անգլերեն), հայկական պոեզիայի օրերս լույս տեսած «Արարատի մեղմ հովերը» հատընտիրը (ղազախերեն թարգմանությամբ), ՂՀ Եսիլ քաղաքում հանգչող Խորհրդային Միության հերոս Իշխան Սարիբեկյանի մասին գիրքը:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Գոռ Եդիգարյանը և Մաժիլիսի միջազգային հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մ.Երմանը (Yerman Mukhtar):

Տպել էջը