Բուենոս Այրեսի Ազգային պաշտպանության համալսարանում ՀՀ դեսպան Մկրտումյանի դասախոսությունը

02 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 2-ին Բուենոս Այրեսի Ազգային պաշտպանության համալսարանի համանուն ֆակուլտետում կայացավ Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանի` «Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն. Ներկա իրողությունները և արտաքին քաղաքականությունը» թեմայով դասախոսությունը:

Իր ելույթում ՀՀ դեսպանը ներկայացրեց ընդհանուր ակնարկ հայ ժողովրդի պատմության նախաքրիստոնեական շրջանի, քրիստոնեության ընդունման, հայոց գրերի ստեղծման, հայկական հնագույն քաղաքակրթական կոթողների վերաբերյալ` նշելով, որ Արցախը, հանդիսանալով Մեծ Հայքի 15 գավառներից մեկը, այդպես է անվանվել դեռևս երկու հազարամյակ առաջ, ինչն ամրագրված է բազում պատմական վկայություններում, այդ թվում հույն և այլ օտար պատմագիրների մատենագրություններում:

ՀՀ դեսպանն անդրադարձավ նաև Արցախի նախախորհրդային և  խորհրդայնացման ժամանակաշրջաններին, ինչպես նաև Ադրբեջանական ԽՍՀ կազմում ԼՂԻՄ պատմությանը և խնդիրներին:

Ունկնդիրներին ներկայացվեցին  1923թ.-ին Արցախն Արդբեջանի իրավազորությանը փոխանցելու որոշման տարբեր իրավական և քաղաքական ասպեկտները: Այնուհետև ՀՀ դեսպանն անդրադարձավ  1988թ. Ղարաբաղյան շարժման մեկնարկից հետո տեղի ունեցած իրադարձություններին, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին` ունկնդիրներին ներկայացնելով հայկական կողմի փաստարկները, խնդրի կարգավորմանն ուղղված գործընթացները և ներկայիս իրավիճակը:  

Մինչ այդ՝ օգոստոսի 31-ին Արգենտինայի Լա Պլատա քաղաքի Ազգային համալսարանում ՀՀ դեսպանը հանդես էր եկել մեկ այլ դասախոսությամբ` «Ժողովրդավարությունը և մարդու իրավունքները նորանկախ և չճանաչված պետություններում. Արցախի Հանրապետություն» վերտառությամբ:

Տպել էջը