ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի ծրագրի գործադիր կոմիտեի 69-րդ նստաշրջանին

02 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 1-ին  Ժնևում ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեի 69-րդ նստաշրջանին:

Նստաշրջանին բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։

Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալ Հովակիմյանն ընդգծեց ՀՀ պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ համագործակցությունը Բարձր հանձնակատարի գրասենյակի հետ տեղահանված անձանց կարիքները հոգալու և փախստականներին ու ապաստան հայցողներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։

Անդրադառնալով Սիրիական ճգնաժամին՝ նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանը մշտապես իր մտահոգությունն է հայտնել ճգնաժամի և, մասնավորապես, այդ երկրում բնակվող մեր հայրենակիցների անվտանգության առնչությամբ։ Փոխնախարար Հովակիմյանը շեշտեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել և ընդլայնել մարդասիրական առաքելությունը՝ ուղղված Սիրիայի հայկական համայնքի հրատապ կարիքների հաղթահարմանը և հավելեց, որ միջազգային հանրությունը պետք է գործադրի վճռական քայլեր արագ ահազանգման և արագ արձագանքման մեխանիզմների զարգացման ուղղությամբ։

Անդրադառնալով ՄԱԿ 2030 Օրակարգի իրականացմանը՝ Աշոտ Հովակիմյանը նշեց, որ անդամ երկրները, ստանձնելով Օրակարգի իրականացման պարտավորությունը՝ արձանագրեցին, որ Օրակարգի նպատակները և թիրախները պետք է վերաբերեն բոլոր ազգերին ու ժողովուրդներին և հասարակության բոլոր շերտերին՝ չանտեսելով ոչ ոքի։ Այդ համատեքստում Աշոտ Հովակիմյանն անդրադարձավ նաև սիրիացի փախստականների խնդրին` նշելով, որ Հայաստանն ապաստան է տրամադրել ավելի քան 22 հազար փախստականների և իր հնարավորությունների սահմաններում հոգում է նրանց կրթության, զբաղվածության, բժշկական սպասարկման հոգսերը։ Հայաստանը համոզված է, որ փախստականների և ներքին տեղահանվածների խնդիրները չպետք է դառնան քաղաքական առևտրի և շահարկումների առարկա։

ԱԳ նախարարի տեղակալը, պատասխանելով Ադրբեջանի պատվիրակության հնչեցրած մեղադրանքներին, ընդգծեց, որ այս տարի լրացել է Սումգայիթում հայերի զանգվածային սպանությունների և ջարդերի 30-ամյակը։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց նաև Ադրբեջանի կողմից վարած էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով երկրից գաղթած հայ փախստականների խնդրին։

Նախարարի տեղակալը դատապարտեց նաև 2016թ. ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով:

Արձագանքելով ՀՀ պատվիրակության ելույթին՝ Բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդին նախ ցավակցություն հայտնեց ՀՀ պատվիրակությանը դեսպան Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ, այնուհետև արտահայտեց իր երախտագիտությունը Սիրիայից մեծ թվով փախստականներ ընդունելու համար՝ ընդգծելով, որ հակամարտությունների հետևանքով առաջացած փախստականների և ներքին տեղահանված անձանց հիմնախնդիրները կարող են հանգուցալուծվել բացառապես այդ հակամարտությունների քաղաքական լուծման դեպքում։

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ Նանսենի անվան ավանդական մրցանակաբաշխությունը, որն այս տարի շնորհվեց Հարավային Սուդանի Բունջ քաղաքի հոսպիտալի վիրաբույժ Եվան Ատար Ադահային։

Տպել էջը