Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը Բրյուսելում մասնակցեց ԱլԳ ավագ պաշտոնյաների հերթական հանդիպմանը

04 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 4-ին Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ ԱլԳ ավագ պաշտոնյաների հանդիպումը, որին մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության, ԵՄ անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչներ: Այս հանդիպումն առաջինն էր ԱլԳ վերանայված ճարտարապետության պաշտոնական մեկնարկից հետո:

Իր ելույթում նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը վերահաստատեց Հայաստանի նոր կառավարության հանձնառությունը՝ է՛լ ավելի խորացնելու համագործակցությունը ԵՄ հետ:

Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանը, կարծրացնելով պայքարը կոռուպցիայի դեմ, խթանելով անկախ դատական համակարգը, արմատախիլ անելով մենաշնորհները և ձևավորելով մրցունակ գործարար մթնոլորտ, ակնկալում է ԵՄ հետ նոր նպատակային աջակցության ծրագրերի իրականացում: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործմանը՝ Կարեն Նազարյանն ընդգծեց վերջինիս առանցքային դերը Հայաստանի հանրության և իշխանությունների համար՝ երկրում ընթացող արդիականացման և բարեփոխումների գործընթացի համատեքստում: Նա տեղեկացրեց, որ ՀՀ փոխվարչապետի համակարգմամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովը ձեռնամուխ է եղել ճանապարհային քարտեզի մշակմանը՝ դիտարկելու և գնահատելու Համաձայնագրի կիրարկումը և այս հավակնոտ գործընթացում ընդգրկելու նաև Խորհրդարանին և քաղհասարակությանը:

Մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի վերաբերյալ ԱԳ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ ԵՄ անդամ պետությունները լիարժեք կերպով կգնահատեն Հայաստանի առաջընթացը, մասնավորապես՝ Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման համաձայնագրերի իրագործման հարցում՝ կյանքի կոչելու համար համատեղ ստանձնած հանձնառությունը՝ մինչև 2020թ. Հայաստանի քաղաքացիներին ԵՄ՝ առանց մուտքի արտոնագրի ռեժիմ տրամադրելու վերաբերյալ:

Խոսելով նախորդ տարվա նոյեմբերին Բրյուսելում ընդունված «20 թիրախավորված քայլեր մինչև 2020թ.» փաստաթղթի մասին՝ Կարեն Նազարյանը նկատեց, որ այն նաև ուղղված է խրախուսելու տարածաշրջանային համագործակցությունը և երկխոսությունը մի կողմից ԵՄ և արևելյան հարևանների, մյուս կողմից ԱլԳ պետությունների՝ միմյանց միջև:

Նա նշեց, որ Հայաստանը լիովին հանձնառու է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը միտված ջանքերին և համարում է, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ միջոցներով՝ հիմնված միջազգային իրավունքի հայտնի սկզբունքների և նորմերի վրա, ներառյալ՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի: Այս կապակցությամբ վստահություն հայտնեց, որ ԵՄ կողմը կշարունակի հավատարիմ մնալ այստեսակ զգայուն հարցերի շուրջ իր հայտարարված հանձնառությանը:

Ամփոփելով՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց, որ երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները բարենպաստ մթնոլորտ են ստեղծել ԵՄ հետ առավել խորը և ընդլայնված գործընկերության համար:

Տպել էջը