Հայաստանի և Չեխոսլովակիայի առաջին հանրապետությունների 100-ամյակներին նվիրված հին հայկական ձեռագրերի ցուցահանդես Պրահայում

08 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 8-ին Պրահայի Ստրահովի վանահամալիրի Աստվածաբանական սրահում բացվեց Հայաստանի և Չեխոսլովակիայի առաջին հանրապետությունների 100-ամյակներին նվիրված «Հնագույն քրիստոնյա ազգի գանձերը. հոգևորը, արվեստը և երաժշտությունը հայկական միջնադարյան ձեռագրերում» խորագիրը կրող հին հայկական ձեռագրերի ցուցահանդեսը։

Ցուցահանդեսը նախաձեռնել և կազմակերպել են Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը և Ստրահովի վանահամալիրը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Վիեննայի Մխիթարյան միաբանության և մասնավոր նմուշահավաքներ։ Ցուցահանդեսի համակարգողը, ինչպես նաև այդ առթիվ հատուկ հրատարակված պատկերագրքի հեղինակն է՝ հայագետ, երաժշտագետ, Պրահայի Կարլի համալսարանի նվագախմբի և երգչախմբի ղեկավար, դոկտոր Հայկ Ութիջյանը։

Ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ գրադարանի Փիլիսոփայական սրահում։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ վանահամալիրի գրադարանների և թանգարանների տնօրեն, վանահայր Էվերմոդ Գեյզա Շիդլովսկին, ով, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, մասնակիցներին ներկայացնեց ցուցահանդեսի կազմակերպման ընթացքն ու պատմությունը։ Իր խոսքում վանահայրը  ընգծեց հատկապես հայկական միջնադարյան գանձերի համար համապատասխան շքեղություն ունեցող սրահ տրամադրելու անհրաժեշտությունը և որոշում կայացվեց մեկ ամիս ժամկետով, հատուկ այդ նպատակի համար հանրության առջև բացել գրադարանի՝ ցուցահանդեսի թեմային համահունչ, ավելի քան 60 տարի լայն հանրության համար փակ, Աստվածաբանական սրահը։

ՉՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանն իր ելույթը սկսեց Շարլ Ազնավուրի ու Մոնսերատ Կաբալյեի մասին հիշատակմամբ։ ՉՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը հակիրճ ներկայացրեց ցուցահանդեսի նախապատմությունը, հայկական ձեռագրերի բացառիկությունն ու հայ ժողովրդի համար նրանց կարևորությունը, նշելով, որ նման ձեռնարկի կազմակերպումը կարևորագույն մշակութային իրադարձություն է յուրաքանչյուր դիվանագետի համար։ Դեսպան Սեյրանյանը ևս երախտագիտության խոսքեր հղեց ցուցահանդեսի բոլոր կազմակերպիչներին, մասնակցիներին, համակարգողին, օժանդակողներին և այցելուներին։

Բացման արարողությանը ելույթով հանդես եկավ նաև Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն դոկտոր Կարեն Մաթևոսյանը։ Նշելով, որ ձեռագիր գիրքը հայկական մշակութային ժառանգության գլխավոր բաղադրիչներից է, նա անդրադարձավ Մատենադարանի կողմից տրամադրած ձեռագրերին, որոնց օգնությամբ հնարավոր է ընդհանուր պատկերացում կազմել հայ հոգևոր մշակույթի՝ մասնավորապես, մանրանկարչության և երաժշտական արվեստի մասին։ Կարեն Մաթևոսյանը ընդգծեց, որ Մատենադարանի կողմից տրամադրված ձեռագրերը ներկայացնում են ինչպես մանրանկարչական տարբեր դպրոցներ, այնպես էլ գրական, երաժշտական ու աստվածաբանական տարբեր գործեր, այդ շարքում  առանձնացնելով հատկապես 12-րդ դարի «Նարեկի» լավագույն օրինակը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Վիեննայի Մխիթարյան Միաբանության ներկայացուցիչ՝ հայր Վահան Հովակիմյանը։ Նա ներկայացրեց աբբահայր Պողոս Գոճանյանի ուղերձը, որում աբբահայրը շնորհավորական խոսք էր հղում ցուցահանդեսի բացման կապակցությամբ և ներկայացնում Միաբանության կողմից տրամադրված ձեռագրերի նկարագրությունը։

Ցուցահանդեսի բացման արարողությունը եզրափակեց ցուցահանդեսի համակարգող և 336-էջանոց պատկերագրքի հեղինակ, դոկտոր Հայկ Ութիջյանը։ Հայկ Ութիջյանն իր երախտագիտությունը հայտնեց վանահայր Շիդլովսկուն և ՀՀ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովային, ովքեր իրենց գործուն աջակցությամբ և ջանքերով կարճ ժամանակահատվածում իրականություն դարձրեցին ցուցահանդեսը։ Շնորհակալական խոսքեր հայտնելով Մատենադարանին և Վիեննայի Մխիթարյան Միաբանությանը, Հայկ Ութիջյանը նաև իր երախտագիտությունը հայտնեց Փարիզից Բազմաջյան և Կիպրոսից Բեդելյան ընտանիքներին՝ իրենց մասնավոր հավաքածուները տրամադրելու կապակցությամբ, ինչպես նաև՝ հեղինակավոր բոլոր այն գիտնականներին, ովքեր համագործակցել են պատկերագրքի հեղինակի հետ իր աշխատանքներն իրականացնելիս։

Այնուհետև դեսպան Սեյրանյանն ու հայր Շիդլովսկին, կտրելով ժապավենը, բացեցին ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված են 25 բացառիկ նմուշներ, այդ թվում Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու Ճաշոցը, Բարձրաբերդի Ավետարանը, Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը, Վիեննայի՝ Շնորհալու նկարներով օժտված փոքրադիր ժամագիրքը և, վերջին պահին Ստրահովի գրադարանի պահոցում հայտնաբերված, 1726 թվականին գրված «Ստեփանեան Քերականութիւն»-ը։

Ցուցահանդեսին զուգահեռ նույն սրահում կանցկացվեն երկու դասախոսություններ՝ հոկտեմբերի 12-ին և 29-ին, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր՝ հայագետ Թեո վան Լինտի և Հայկ Ութիջյանի կողմից։ Ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 6-ը:

Տպել էջը