Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Չեխիայում

08 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 8-ին, Հայաստանի և Չեխոսլովակիայի առաջին հանրապետությունների 100-ամյակներին նվիրված հին հայկական ձեռագրերի ցուցահանդեսի բացման արարողությունից անմիջապես հետո, Ստրահովի վանահամալիրի Ամառային սեղանատան դահլիճում Չեխիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 27-րդ տարեդարձին: Հանդիսությունը Հայաստանի և Չեխիայի օրհներգերի կատարմամբ բացեց տաղանդավոր օպերային երգչուհի Տաթևիկ Առաքելյանը։

Ընդունելությանը ներկա հարյուրավոր հյուրերին շնորհավորական ելույթներով դիմեցին Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը և Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի տեղակալ Վոյտեխ Պիկալը։

Դեսպան Սեյրանյանն անդրադարձավ Հայաստանի Անկախության 27-ամյա ուղու ձեռքբերումներին և մարտահրավերներին։ Նա նշեց, որ ընթացիկ տարվա գարնանը՝ հեղափոխական իրադարձությունների ժամանակ, հայ ժողովուրդը դրսևորեց ավելի լավ ապագա կառուցելու, խաղաղ և բարեկեցիկ կյանք ունենալու իր կամքը: Հայաստանի նոր կառավարությունը հաստատակամ է ժողովրդավարական գործընթացների միջոցով պայքարելու կոռուպցիայի դեմ, քայլեր ձեռնարկելու աղքատությունը վերացնելու ուղղությամբ:

Դեսպանն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրին, նշելով, որ կգա այն օրը, երբ Արցախի Հանրապետությունը պաշտոնապես իր տեղը կգտնի անկախ պետությունների ընտանիքում։

Տիգրան Սեյրանյանը խոսեց նաև ՀՀ-ԵՄ և հայ-չեխական հարաբերությունների բարձր մակարդակի մասին։ Նա հույս հայտնեց, որ ՉՀ խորհրդարանի Պատգամավորների պալատը, հետևելով Սենատի օրինակին, մոտ ապագայում կվավերացնի նախորդ տարի Բրյուսելում ստորագրված ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Դեսպան Սեյրանյանը նշեց, որ դինամիկ կերպով զարգանում են երկկողմ տնտեսական հարաբերությունները և արձանագրեց, որ 2018թ. առաջին 7 ամիսների ապրանքաշրջանառության ծավալը 78%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Միաժամանակ, ՀՀ դիվանագիտական առաքելության ղեկավարը չեխ գործարարներին հրավիրեց ներդրումներ կատարելու Հայաստանում։ Ելույթի ավարտին նա արժևորեց Չեխիայի երիտասարդ հայ համայնքի ձեռքբերումները և շնորհակալություն հայտնեց ձեռնարկի հովանավորներին։

Խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ Վոյտեխ Պիկալը, ով նաև Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ է, բարձր գնահատեց Հայաստանի հետ Չեխիայի հարաբերությունների մակարդակը և նշեց, որ, 2018 թվականը խորհրդանշական է երկու պետությունների և ժողովուրդների համար, քանզի և՜ Չեխիան և՜ Հայաստանը նշում են Առաջին հանրապետությունների 100-ամյա հոբելյանները։ Նա հավելեց, որ Չեխիան պատրաստ է աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, խթանելու համագործակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, օգտվելով նաև ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ ընձեռնած գործիքակազմից։

Ցացուհանդեսի բացման արարողությանը և Ազգային տոնի ընդունելությանը մասնակցեցին Չեխիայի խորհրդարանի անդամներ, Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Դոմինիկ կարդինալ Դուկան, երկրում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ, Չեխիայի նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի և արվեստի գործիչներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների, երկրի գործարար աշխարհի, Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հանդիսության ավարտին հյուրերը համտեսեցին հայկական հարուստ խոհանոցի ճաշատեսակները:

Տպել էջը